Սերժ Սարգսյանը նախազգուշացրեց Ադրբեջանին

Mar 28, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը նախազգուշացրեց Ադրբեջանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանի՝ իսկանդերի գործի դրվելու մասին հայտարարությունը ոչ միայն տեղին է, այլեւ ուշացած։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը․ «Գտնում եմ, որ հայկական կողմը վաղուց պետք է նման հայտարարությամբ հանդես գար, վերջապես պետք է հասկանանք, որ ոչ Մինսկի խումբը, ոչ որեւիցե այլ միջնորդ երբեւէ չի դատապարտի հաղթողին ու ուժեղին։ Ինձ համար անըդնունելի է մեր ԱԳՆ-ի վայնասունային հայտարարությունները, որ Ադրբեջանը նախահարձակ է լինում, եթե Ադրբեջանը նախահարձակ է լինում, մենք էլ պիտի նախահարձակ լինենք»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Սարգսյանի հայտարարությունն առաջին հերթին Ադրբեջանին է ուղղված․ «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ նախազգուշացրեց Ադրբեջանին, որ զգույշ լինի, սանձարձակ գործողություններից, որովհետեւ արդեն կիրակի լրանում է ապրիլյան պատերազմի մեկ տարին, եւ ադրբեջանական կողմը պետք է դա «նշի»,-ասաց քաղաքագետը։

Համբարյանի խոսքով՝ հայտարարությունն ուղղված է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին, որ Ադրբեջանի կողմից նախահարձակ լինելու եւ նման գնահատականի արժանանալու դեպքում, ինչպես նախորդ տարի էր, հայկական կողմը եւս չպետք է վարանի ու օգտագործի իր ամբողջ հնարավորությունը՝ Ադրբեջանին կարգի հրավիրելու համար։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: