Ոչ մեկ ոչ Զոռռո է, ոչ՝ Ռոբին Հուդ

Mar 16, 2017 Comments Off on Ոչ մեկ ոչ Զոռռո է, ոչ՝ Ռոբին Հուդ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ բռունցքներով հարցեր լուծելու ցանկացած փորձ, առավել եւս՝ հրազենի, դանակի կամ սառը զենքի օգտագործմամբ դատապարտելի է։
Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով Ջրառատի դեպքերին․
«Կրկնակի դատապարտելի է, եթե այդ դեպքերն իրականացվում են քաղաքական քարոզչության ժամանակահատվածում կամ կապ ունեն որեւէ քաղաքական գործընթացի հետ։ Բոլորին կոչ եմ անում հիմնվել ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունների վրա, արդեն կան ձերբակալվածներ։ Կոչ եմ անում ՕՐՕ դաշինքի գործընկերներիս ամեն ինչը չքաղաքականացնել, եթե նման խնդիր լինի մի քանի օր առաջ Ալավերդիում ՀՀԿ-ի ներկայցուցչի հետ կապված դեպք է եղել փորքիկ միջադեպ, որի ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչը դանակահարվել է, հիմա ի՞նչ կանգնեմ ասեմ քաղաքական ենթատեքստո՞վ է եղել»,-ասաց նա։
Շարմազանովի խոսքով՝ գործի քննությունը կպարզի մեղավորներին․
«Էս երկրում ոչ մեկ ոչ Զոռռոն է, ոչ էլ Ռոբին Հուդը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն, առավել եւս նրանք, ովքեր կփորձեն ստվեր գցել ընտրական գործընթացների վրա՝ անկախ նրանից ում կողմնակիցն են՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասաց նա։

Մեր հարցին՝ Լեւոն Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյա՞նն էլ չի Զոռռոյի թվին դասվում, ՀՀԿ խոսնակն ասաց․
«Մեր պետության մեջ օրենքից վեր մարդ չկա՝ առանց բացառության, բայց կա անմեղության կանխավարկած, խնդրում եմ հաշվի առեք։ Կամ ձեր նշած դաշինքն էդ ի՞նչ վտանգ է ներկայացնում․ գնում են միտինգի՝ երկու հոգի մարդ չի լինում, իմ գյուղական հանդիպումներում ավելի շատ մարդ է լինում, քան նրանց 10 օրվա հանդիպումները միասին վեցրած»։
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հայտարարություններին Շարմազանովը կրկնեց, որ որեւէ մեկը ՀՀ-ում օրենքից վեր չէ․
«Էն ուժը, որին սատարում է Սամվել Բաբայանը, ՀՀԿ-ն իր հետ ոչ խնդիր ունի, ոչ էլ մրցակից է, թող խելոք իրենց միտինգներն անեն»։
Մեր ճշտող հարցին՝ խնդիր չունեն, որովհետեւ իրենց կողմի՞ց են ղեկավարվում, Շարմազանովն ասաց․
«Մեր կողմից ղեկավարվում է միայն ՀՀԿ-ն, մենք մեր երկրում թշնամիներ չունենք, բոլորը մեր հարազատներն են՝ անկախ նրանից, որ ուժի մեջ են, մենք պետականամետ ենք»։
Ինչ վերաբերում է Սեւան քաղաքում ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ միջադեպի մասին լուրերին, Շարմազանովն այն հերքեց․
«Բացահայտ սուտ է, պատվեր է, ընդ որում պատվիրատուների ականջը հստակ երեւում է, թող հեռու մնան մեր թեկնածուներից»,-ասաց նա։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: