Աշխատել չգիտեն․ այո կամ ոչ ասելու համար ամիսներ են պետք․ Պարույր Հայրիկյանը՝ Ելք-ին

Feb 16, 2017 Comments Off on Աշխատել չգիտեն․ այո կամ ոչ ասելու համար ամիսներ են պետք․ Պարույր Հայրիկյանը՝ Ելք-ին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը համագործակցության  առաջարկով դիմել էր Ելք դաշինքին, սակայն դաշինքը կարծես թե մերժել է վերջինիս․ «Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017 թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը»,-ասված է Ելք դաշինքի հաղորդագրության մեջ։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար, սակայն, համոզիչ չէ դաշինքի պատասխանը։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա․

«Մենք այնպիսի առաջարկություն ենք արել, որ հաշվի ենք առել ժամանակի սղությունը, մեր գրածում տեխնիկական հարց չկա, անգամ ասել ենք, որ հաշվի առնելով ժամանակի սղությունը պատրաստ ենք լինել առավելագույնս ընդառաջող ու զիջող։ Եթե մարդը աշխատել չգիտի ու մի հատ այո կամ ոչ ասելու համար իրեն ամիսներ են պետք, դա էլ իրենք են, որեւէ խնդիր չկա»,-ասաց Հայրիկյանը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ է պատրաստվում ԱԻՄ-ն անել, Հայրիկյանը պատասխանեց․

«Ինչը եւ ի սկզբանե որոշել էինք, որ ստոր սահմանադրության պայմաններում ընտրության մասնակցելը նշանակում  է կամավորապես ստորացնել ինքդ քեզ, իսկ միասնական ուժերով գնալու դեպքում կարող էիր էդ միջոցառումն իրականացնել իրենց դեմ»։

Հայրիկյանի խոսքով՝ դեռ երեկ են վերջնական որոշել չմասնակցել ընտրություններին, սակայն հազարավո քաղաքացիների դժգոհությունն այս առնչությամբ «ստիպել» է ԱԻՄ-ին արտահերթ նիստ անել ու Ելք-ին առաջարկությամբ դիմել։

«Դուք դաշինք եք ստեղծում, ասում եք՝ ուզում ենք դաշինքն ընդլայնել եւ ստանում եք նման արձագանք՝ նրբանկատությամբ գրված, ձեզ ընդառաջելով, եւ գրողն ով է, դուք ով եք․ ճանապարհ անցած ԱԻՄ-ն ասում է ձեր հարցերը չենք էլ քննարկի, անունը ելք կլինի, թե մուտք, չենք քննարկում, իրենք մեծ մինուս ստացան, իրենց համար ցավում եմ, հետո երբ ձախողման առաջ կանգնեն՝ այս օրը կհիշեն»,-ասաց ԱԻՄ առաջնորդը։

Սեդա Ղուկասյան

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: