Ծառուկյանին փրկիչ տեսնողների համար մեկ է՝ Ծառուկյանն ընդդիմադիր է, թե ոչ․ փորձագետ

Feb 02, 2017 Comments Off on Ծառուկյանին փրկիչ տեսնողների համար մեկ է՝ Ծառուկյանն ընդդիմադիր է, թե ոչ․ փորձագետ

«Ծառուկյան» դաշինքի հինգ կուսակցությունների մեջ հիմնական խաղացողը ԲՀԿ-ն է, իսկ մյուս կուսակցությունները հիմնականում մարդ կուսակցություններ են եւ լուրջ ռեսուրսային կառույցներ չեն։

Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով դաշինքի անդամ հինգ կուսակցություններին։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, այդ կուսակցություններն են՝ «Բարգավաճ Հայաստանը» «Միասնություն» շարժումը, «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը», Ռամկավար ազատական կուսակցությունը եւ նորացված ՀՀՇ-ն։

«Այդ դաշինքում հիմնական շոգեքարշը ԲՀԿ-ն է, իսկ մյուսներն էլ կցվել են դաշինքին, որ մտնեն խորհրդարան»,-ասաց Բադալյանը։

Փորձագետի համոզմամբ՝ ծրագրված քարոզարշավի դեպքում «Ծառուկյան» դաշինքը որոշակի հաջողություններ կարձանագրի․

«Չեմ կարծում, որ առաջին տեղը կզբաղեցնի, բայց հաջողություններ կունենա»,-ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ դաշինքը կարո՞ղ է ընդդիմադիր դաշտում առանցքային դեր ունենալ, Բադալյանն ասաց․

«Ընդդիմադիր դաշտ հասկացություն գոյություն չունի, եւ հետո քվեարկության ժամանակ դու ընդդիմադիր ես թե ոչ, դա որեւէ նշանակություն չունի, քվեարկության դրդապատճառն այլ գործոններից է կազմված։ ԲՀԿ-ին ձայն է տալիս ընտրողների երկու խումբ՝ նյութական շահագրգռվածությամբ քվեարկողներ, երկրորդը՝ Ծառուկյանին որպես փկիչ տեսնողներ։ Իհարկե  առավել մեծ է նյութական շահագրգռվածությամբ քվեարկողների խումբը, իսկ փող վերցնողների համար կարեւոր չէ ԲՀԿ-ն ընդդիմադիր է թե ոչ, փող են վերցնում, քվեարկում։ Ծառուկյանին որպես փրկիչ տեսնողների համար էլ մեկ է՝ Ծառուկյանն ընդդիմադիր է, թե ոչ»։

Բադալյանի կարծիքով Ծառուկյան դաշինքն ավելի առանցքային դեր կարող է ունենալ, քան «Օսկանյան-Օհանյան» դաշինքը, քանի որ «Օսկանյան դաշինքը մի դաշինք է, որը ցույց  է տալիս, թե ինչպես չի կարելի դաշինք ձեւավորել․

«Դաշինք են ձեւավորում, որտեղ կան ռուսամետներ, արեւմտամետներ, դաշինքը գլխավորում է պաշտպանության նախկին նախարարը, կամ Երրորդ հանրապետություն կուսակցությունը, որի նախագահը երկար տարիներ եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Այսինքն հատուկ ձեւավորել են դաշինք, որ ընտրազանգվածային ոչ մի խումբ իրենց ձայն չտա»,-ասաց Բադալյանը։

Սեդա Ղուկասյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: