Տապալված վիճակ. Իրան-Հայաստան երկաթուղին գրեցին սառույցին

Jan 13, 2017 Comments Off on Տապալված վիճակ. Իրան-Հայաստան երկաթուղին գրեցին սառույցին

 

 

ՀՀ կառավարությունը տարեսկզբի առաջին նիստում որոշում կընդունի «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: Նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում:

100 տոկոսով պետական բաժնեմասով այս ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին և գործել է կապի և տրանսպորտի նախարարության ենթակայության տակ:

Այս ընկերության գոյության իմաստը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կազմակերպումն էր: Նախագծի հիմնավորման մեջ շատ հստակ նշված է, որ ՓԲԸ-ն ստեղծվել է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի շրջանակներում: Ըստ կանոնադրության, ընկերությունը կոչված էր երկաթուղիների նախագծման, շինարարության նկատմամբ վերահսկողություն, երկաթուղիների կառուցման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ընտրություն և այս կարգի այլ աշխատանքներ կատարելու համար: Փաստորեն եթե այժմ ընկերությունը լուծարվում է, նշանակում է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը, հետևապես նաև դրա հնարավոր նախագծումն ու շինարարությունը վերջնականապես տապալված է, և այն այլևս իրականանալի չի համարվում.

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից, չունի այլ գործառույթներ:  Ներկայումս գործընկեր՝ կոնցենսիոներ «Ռասիա» ՖԶԷ ընկերության  հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել»,- նշված է կառավարության նիստի օրակարգ մտած որոշման հիմնավորման մեջ:

Փաստաթղթից արվող պարզ հետևությունն այն է, որ հայ-իրանական երկաթգծի շինարարության իրանական կողմը շահագրգռություն չի ցուցաբերել:

Այս նախագծի մասին Հայաստանի իշխանավորները՝ սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած նախկին վարչապետով և նախարարներով, խոսում էին մեծ ոգևորությամբ:

Ավելին՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը դեռևս 2008թ․ Սերժ Սարգսյանի տված նախընտրական խոստումներից էր: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է երկաթուղու կառուցումը, սակայն փաստորեն ոչինչ անել չի հաջողվել: Այս նախագիծը տարբեր հաշվարկեներվ գնահատվում էր մոտ 2 – 3.2 միլիարդ դոլար: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ներդնողներ այսպես էլ չգտնվեցին: Նախնական հայտարարությունները, թե երկաթուղու շինարարությունը ֆինանսավորելու Ռուսաստանը, հետո նաև խոսակցություններ գնացին Չինաստանի ներդրումներ կատարելու ցանկության մասին դատարկ դուրս եկան: Դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրեց, թե երկաթուղու շինարարության հետ կապված ինչ ռեալ հույսեր կան: Բեգլարյանն էլ ի պատասխան նշեց, թե հույս միշտ ունեն, և աշխատում են, որ իրականացվի:

Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի տապալման հարցում կարծես թե հատուկ հետաքրքրություն ուներ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստան, որն ամեն ինչ արեց, որպեսզի տարածաշրջանային նախագծերից Հայաստանը դուրս մղվի : Ըստ էության Իրան-Հայաստան երկաթուղու վերջնական տապալումը պարզ դարձավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին այդ ժամանակ երկկողմ հարաբերությունների և համագործակցության մասին խոսելիս երկաթուղու ծրագրին ընդհանրապես չանդրադարձան: Տրանսպորտային ուղիների զարգացման համատեքստում ընդամենը ընդհանրական բնույթի ձևակերպումներ հնչեցին Սև ծովը Պարսից ծոցին կապելու վերաբերյալ, սակայն բուն երկաթուղու մասին ոչ մի խոսք: Եվ հիմա լուծարելով այս ծրագրի իրագործման համար ստեղծված պետական ընկերությունը՝ փաստորեն դրվում է վերջակետ :

 

Դավիթ  Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: