Երեք տարբեր կարծիք՝ Յոժի՝ կուսակցություն ստեղծելու մասին

Dec 24, 2016 Comments Off on Երեք տարբեր կարծիք՝ Յոժի՝ կուսակցություն ստեղծելու մասին

Hayeli.am-ը մի քանի մտավորականների կարծիք հարցրեց՝ ինչպե՞ս են  վերաբերվում դերասան Սերգեյ Դանիելյանի՝ Յոժի՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցություն բացելու նախաձեռնությանը: Կուսակցության հապավումը, հաշվի առնելով հրապարակային խոսքի էթիկայի պահանջները, չենք գրում:

Ռուբեն ԲաբայանՏիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար /հարցը լսելուն պես ծիծսղեց/- Ես կարծում եմ, որ Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունը ո՛չ լուրջ է, ո՛չ էլ անլուրջ, այն ավելի շուտ տրամաբանական է: Երբ մեր  իրականության մեջ համատարած վտանգված ու արժեզրկված են կուսակցությունները, ընտրությունները, ժողովրդավարական մնացած բոլոր ատրիբուտները, նման նախաձեռնություն կարող էր և լինել: Իրականում սա սպասելի էր. Յոժը չաներ՝ մեկ ուրիշը կաներ: Անձամբ ես կողմ չեմ այդ բառապաշարին, արտահայտություններին ու հապավումներին, որոնք նա կիրառեց, թեպետ շատ եմ սիրում Յոժին և՛ իբրև դերասանի, և՛ իբրև մարդու, բայց ինքս մի քիչ ուրիշ ոճի հումորի եմ կողմնակից: Իհարկե, Սերգեյ Դանիելյանի հայտարարությունը, թե ինքը կուսակցություն է ստեղծելու, կատակ է. վստահ եմ, որ իրականում նա նույնիսկ չգիտի, թե պատգամավորը քանի տարով է ընտրվում: Նրա հումորը ցույց է տալիս մեր իրականությունը. անեկդոտի նման  մի բան է՝ երբ դու իրականությունը տեսնում ես ավելի մերկ, սակայն այլ դիտանկյունից: Քանի որ Սերգեյ Դանիելյանը պրոֆեսիոնալ է, ինքը և՛ լուրջ դերասան է, և՛ լուրջ հումորիստ, իր միսիան շատ վարպետորեն կատարեց: Բոլոր լուրջ հումորիստները դեմքի լուրջ արտահայտութամբ են սարկազմ անում՝ դա ժանրի պահանջ է: Ինքն  իր գործը փայլուն ձևով արել է, հիմա արդեն կուսակցությունները թող իրենք իրենց կողքից նայեն և հասկանան, թե իրականում ով կամ ինչ են: Յոժն իրեն Մավրի պես պահեց,  նա իր գործն արել է, բայց եթե այս ամենը մի քիչ էլ խորանա, կարող է անհամանա:

Նիկոլայ Ծատուրյան- Ռեժիսոր– Ես էլ եմ ուզում կուսակցություն ստեղծել: Իմ կուսակցությունն էլ կկոչվի «Կուսակցություն կուսակցության համար»: Ես կողմ եմ, որ Հայաստանում ապրող հայ ժողովուրդը, որ 1,8 մլն է ընդամենը մնացել, ամեն մեկը  մի կուսակցություն ստեղծի և պինդ-պիդ նստի իր կուսակցական աթոռին: Հա, հա՜, թող բոլորն էլ ունենան… թե չէ հերիք եղավ արդեն, զահլեքս գնաց էդ բոլոր կուսակցություններից: Իսկ եթե Յոժի մասին եք հարցնում՝ ինձ թվում է՝ կատակ է անում. հո չի՞ գժվել, որ կուսակցություն բացի: Ես ընդհանրապես դեմ եմ կուսակցություններին, դրանք բոլորը դատարկ և անլուրջ բաներ են:

Աշոտ Բլեյան- Մխիթար  Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն- Սերգեյ Դանիելյանի գրանցվելիք կուսակցության անվան հապավումը շատերիս համար անբարեհունչ է, բայց ինձ զարմացնում է ոմանց զայրացկոտ և անհումոր հակազդեցությունը:
Ի՞նչ է եղել, տիկնա՛յք և պարոնա՛յք, ինչի՞ց եք հուզվել կամ կատաղել: Լսում էիք Կոմիտաս, Հ. Մաթևոսյան կարդալուց հետո մտադիր էիք Մ.Ավետիսյանի ալբոմը թերթել, ու Սերգեյ Դանիելյանը ձեր էսթետիկական ճաշակը բռնաբարե՞ց: Իսկ գուցե զմայլված էիք Գալուստ Սահակյանի դարակազմիկ ճառով և Շմայսի տրամաբանությամբ, և Յոժը իր ելույթով ընդհատե՞ց ձեր հայրենասիրական օրգազմը:
25տարի շարունակ գտնվում ենք այս վիճակում, բայց այսչափ վրդովմունք չէի տեսել ու լսել:
Իսկ եթե Ս.Դանիելյանի գրանցվելիք կուսակցության հապավումը լիներ ԱԿՈ, մեր իրականությունը դրանից լավանալո՞ւ է: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ 25տարի շարունակ գտնվում ենք այն վիճակում, որը ներկայացնում և նկարագրում է Ս.Դանիելյանը սարկազմով, հումորով, երգիծանքով… և նաև շատ լուրջ: Կարծում եմ՝ միայն նրանց համար, ովքեր արդեն հարմարվել են մեր իրականության գարշանքին:
Կուզեք՝ անվանեք ԱԿՈ, կուզեք ոսկեջրած զուգարանակոնքի արտադրանք, իրավիճակը դրանից չի փոխվելու:
Ունենք այն, ինչ ունենք, և բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար:
Թունդ ընդդիմադիրներն ու էսթետ հայրենասերները թող շատ չմտահոգվեն. կարծում եմ, որ Սերգեյ Դանիելյանը ոչ մի կուսակցություն էլ չի գրանցելու՝ ոչ թե հաշվի առնելով ձեր էսթետիկական կամ հայրենասիրական զկռտոցները, այլ որովհետև այնքան խելացի դերասան է, որ կուսակցություն չի բացի՝ մասնակցելու ընտրություն կոչվող տափակ ներկայացմանը /գրառումը Ա. Բլեյանի ՖԲ էջից/:

Կարծիքները համադրեց Կարինե Սարիբեկյանը

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: