Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում

Aug 09, 2016 Comments Off on Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից, որ Կորեայի ձորում, Արփա-Սևան ջրանցքում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ։ Այս պահին փրկարարները ճոպանով փորձում են մոտ 4 մետր խորությունից ջրանցքից դուրս բերեն դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Բյուրեղավանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած՝ օգոստոսի 6-ից։ Նրա որոնման աշխատանքներին ներգրավել էին Բյուրեղավանի ոստիկանության գրեթե բոլոր ծառայողները և կասկածելի տեղանքը, որտեղ որ պետք է լիներ մահացածը, այդ հատվածից մոտ 15 կմ ոտքով կատարվել էին որոնողական աշխատանքներ և միայն 15 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է դին։ Որոնողական աշխատանքներն ամեն օր սկսվել են առավոտյան ժամը 06։00-ից մինչև երեկոյան ժամը 21։00-ն։ Ջրահեղձ եղած քաղաքացին Բյուրեղավանի բնակիչ, 68-ամյա Գեղամ Մարտիրոսյանն էր։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ։ Մինչ դին դուրս կբերեին ջրանցքից, մեկ այլ քաղաքացի ձուկ բռնելու նպատակով հատնվել էր ջրանցքում, ով, սակայն, չէր կարողանում դուրս գալ։ Աբովյանի և Ավանի փրկարարները բարեհաջող «ձախորդ ձկնորսին» դուրս բերեցին, որից հետո նա կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Էլ սպանեն էլ, ձուկ չեմ բռնելու ստեղից»։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: