Վովա Գասպարյանն իրենից պետք է սկսի

Aug 04, 2016 Comments Off on Վովա Գասպարյանն իրենից պետք է սկսի

Հարցազրույց «Նոր Հայաստան» խմբի անդամ, «Ժողովրդավարակն հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մակեյանի հետ։

-Պարոն Մակեյան, խմբի հանձնվելուց հետո հնարավոր է «Նոր Հայաստան» շարժման մասնակիցներդ ստանձնեք ժողովրդական պայքարն առաջնորդելու գործը, ինչպես եք պատկերացնում հետագա պայքարը։

-«Նոր Հայաստանից» մնացել ենք ես, Րաֆֆին, Գարեգին Չուքասզյանը եւ Հմայակը, մնացածը գիտեք, որ անազատության մեջ են։ Բնական է, որ այս կազմով քվորում չենք ապահովում, քվորում չունենք հուլիսի 17-ից հետո, այնուամենայնիվ հուլիսի 17-ից հետո խնդիր էր դրված հարթակը չկուսակցականացնել, հետեւաբար ես եւ Րաֆֆի լինելով կուսակցականներ չպետք է լինեինք հարթակում, ինձ համար հանելուկային մնաց Ալբերտ Բաղդասարյանի հայտնվելը եւ նախաձեռնություն վերցնելը, որը խորհրդակցում էր քաղաքական տարբեր ուժերի հետ, բայց կոնկրետ իմ հետ Ալբերտը չի խոսել։ Ո՞վ էր հրավիրել Բաղդասարյանին։ Նրան ներկայացրեց Ենիգոմշյանը այդ օրվա հանրահավաքին ու ճիշտն ասած այդ օրվանից հետո հարթակի ձեւավորման սկզբունքը չգիտեմ, թե ինչպես է եղել,դրան հավելենք, որ եղել է Հիմնադիր խորհրդարանի որոշումը՝ ղեկավարել շարժումն ընդհատակից, այդ դեպքում մեր մասնակցությունը դառնում է ինքնագլուխ, ուստի անձամբ իմ անունից կարող եմ ասել, որ նախաձեռնել ու մտնել այդ պրոցեսի մեջ, կլինի ոչ կոռեկտ։

-Խմբի հանձնվելը սպասելի էր, կատարեց խումբը իր առաքելությունը, թե ոչ։

-Ես կարծում եմ, որ զենքը վայր դնելն ի պատիվ իրենց շատ օբյեկտիվ որոշում ընդունեցին, որովհետեւ հակառակ դեպքում Երեւանում արյուն էր հոսելու, որը հետագայում չէր սահմանափակվելու էդ քանակի արյունով ու չէր բացառվում, որ քաղաքացիական բախումների տաներ, իսկ իշխանությունը եւ նրա պարագլուխ Սերժ Սարգսյանը այդ ամենն անտեսել ու գնում էին գրոհի։ «Սասնա ծռերը» շատ ավելի պատասխանատու էին, վերլուծող ու մտածող, քան այսօրվա գործող վարչախումբը։

-Այս դեպքերից հետո իշխանությունը ի՞նչ հետեւություններ պետք է անի, Սերժ Սարգսյանի ելույթում նկատվում էր փոփոխություններ անելու հեռանկար։

-Հաշվի առնելով իշխանության վարքագիծը վերջին տարիների, կարելի է ասել, որ որեւէ հույս չկա, որ նրանք եզրահանգման կգան, որովհետեւ 2008-ի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը խոսում էր «պատեր քանդելու» մասին, բայց փոխարենը նա Չինական պարիսպ կառուցեց, որը փորձեցին քանդել մեր ապստամբ տղաները։ Հետեւություն չարեց նաեւ քառօրյա պատերազմից հետո։ Բայց եթե այս մի քանի ամսում քայլ չանեն, ուրեմն իրենց համար իրենց ճակատագիրը շատ վատ է լինելու։ Սասնա ծռերը փոխեց ժողովրդի վիճակը, ճիշտ է ժողովուրդը չհասցրեց թմրից դուրս գալ, բայց փոխվել է որակը։

-Ոստիկանապետը զարկ է տվել փոփոխությունների, մի քանի բարձրաստիճան ոստիկաններ հրաժեշտ են տվել պաշտոններին, սա փոփոխություն համարում եք, թե ոչ։

-Վովա Գասպարյանն իրենից պետք է սկսի ու հասնի նռնակ նետողներին, կրիմինալին, որը ներգրավվել էր համակարգին։ Պիտի սկսել Սերժ Սարգսյանից, առանց որի հավանության այս ամենը չէր լինի, նրանք առանց Սերժ Սարգսյանի գիտության , ներողություն, բայց զուգարան էլ չենք գնում՝ գիտենալով, որ կարող են պրոբլեմ ունենալ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: