Ինչպե՞ս է լինում,որ կրթության տեսչության կողմից ցածր գնահատված դպրոցը ԿՏԱԿ-ի կողմից բարձր վարկանիշավորում է ստանում

May 19, 2016 1 Comment

Դպրոցների վարկանիշավորման համակարգը Հայաստանում գործարկվել է երեք տարի առաջ՝  միջազգային վարկանիշավորման փորձի հիման վրա մշակած ազգային մեթոդաբանությամբ: Ներկայացնելով վարկանիշավորման  գործող համակարգը՝ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը hayeli.am-ի հետ զրույցում  նշեց, որ  այս տարիների ընթացքում վարկանիշավորման մեթոդաբանությունն անընդհատ կատարելագործվել է՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնել կրթական կարիքներին: Այդուհանդերձ՝ փաստ է, որ վարկանիշավորման արդյունքները որպես կանոն նաև դժգոհություններ են  առաջացնում: Այս օրերեին Աղվերանում  ԿՏԱԿ-ը կազմակերպել է աշխատաժողով, որտեղ քննարկվում են դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունն ու  սկզբուքները:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում են հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների տնօրեններ՝ մարզերից և մայրաքաղաքից, Կրթության տեսչության, ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի, նախարարության ներկայացուցիչներ և  բոլոր  մարզերի հանրակրթության վարչության պետերը:

«Համակարգը նոր է և այդ դժգոհություններն էլ ինչ-որ տեղ բնական են: Չնայած մեթոդաբանությունը հրապարակված է և բոլորին հասանելի, այնուամենայնիվ, շատ դեպքերում, երբ հրապարակվում են արդյունքները՝  դպրոցների մոտ առաջանում են ինչ-ինչ հարցեր: Շատերն ասում են՝ մենք այս կամ այն հարցի մասին տեղյակ չէինք, չենք իմացել, դրա համար մեր ցուցանիշը այսպես կամ այնպես չի եղել»,- նշեց Ա. Պողոսյանը: Նրա խոսքով՝ իրենք փորձում են այս կարգի  մասնագիտական քննարկումներով գնահատման սկզբունքներն ու ցուցանիշները  դպրոցների համար դարձնել պարզ ու հասկանալի. «Ինչու չէ, վարկանիշավորման ցուցանիշները  նաև վերանայել՝  հաշվի առնելով հենց  դպրոցների տնօրենների ու շահագրգիռ մյուս կառույցների  առաջարկություններն ու   մտահոգությունները:Մենք ուզում ենք, որպեսզի  դպրոցներն հստակ իմանան, թե ինչն է գնահատվում, ինչպիսի ցուցանիշների հիման վրա և  ինչ մեթոդով»:

Վարկանիշավորման համար հիմք են հանդիսանում այն  ցուցանիշները, որոնք ներկայացնում են դպրոցներն իրենք` համապատասխան հարցաթերթի լրացման միջոցով:
Գործող համակարգի համաձայն՝ վարկանիշավորումը կատարվում է ավելի քան 40 ցուցանիշների միջոցով, որոնք բաժանվում են հինգ հիմնական ուղղությունների՝ սովորողների ուսումնառության տվյալներ, ուսուցիչներ, դպրոցի ակտիվություն, ներդպրոցական ակտիվություն և կառավարման արդյունավետություն: «Վարկանիշի ձևավորման գերակա ուղղությունը մենք համարում ենք սովորողների ուսումնառության տվյալները, որով ձևավորվում է գնահատականի ավելի քան 50 տոկոսը: Այստեղ մենք հաշվի  ենք առնում, եթե օրինակ խոսքը միջնակարգ և ավագ դպրոցների մասին է, և՛ ավարտական գնահատականների արդյուքնները, և՛  ԳԹԿ-ի կազմակերպած միասնական քննությունների, և՛ դպրոցների  ավարտական  քննությունների արդյուքները,  ինչպես նաև դրանց համադրելիությունը»,- նշում է Ա. Պողոսյանը:
Գնահատումը կատարվում է  ըստ  դպրոցների տեղակայման վայրի,  սովորողների թվի, կազմակերպաիրավական ձևի և կրթական աստիճանների: Օրինակ՝ քաղաքային դպրոցը, ինչպես Ա. Պողոսյանն է նշում ,  համեմատելի չի կարող լինել գյուղական  փոքր դպրոցի հետ:

Իսկ որքանով է ճիշտ ՝կրկնուսույցի տված գիտելքի արդյունքում ստացված ԳԹԿ քննության բարձր միավորի դիմաց վարկանիշային միավոր տալ դպրոցին: Դիմորդները միասնական քննության  գնահատականները դպրոցի տված գիտելիքով չեն  ստանում. «Իհարկե կրկնուսույցների խնդիրը կա, բայց մենք դպրոցի միավորը ձևավորելիս հիմք չենք ընդունում միայն միասնական քննության արդյունքները: Մենք համադրում ենք տվյալ դպրոցի միասնական քննությունների միջին արդյունքը նույն  դպրոց ավարտական քննության միջին ցուցանիշի հետ: Եթե տարբերությունը շատ նկատելի է լինում՝ դպրոցը միավոր է կորցնում»,- մեր դիտարկմանն ի պատասխան նշեց Ա. Պողոսյանը:

Կան նաև  դեպքեր, երբ ԿՏԱԿ-ի իրականացրած վարկանիշավորման արդյունքում որոշ դպրոցներ հայտնվում են առաջատար դիրքերում, մինչդեռ նույն դպրոցը Կրթության պետական տեսչության իրականացրած գնահատման արդյունքներով  վերջին տեղերում է գտնվում: Այս դեպքում ծնողը կամ շարքային քաղաքացին ո՞ւմ արդյունքներին պետք է առավել վստահի: Ըստ Արտակ Պողոսյանի՝ խնդիրն այստեղ  մեթոդաբանությունների տարբերությունների մեջ է. «Վստահել, չվստահելու խնդիր չկա: Տեսչության և մեր մեթոդաբանությունները խիստ տարբեր են,համեմատության եզր անգամ չունեն: Մենք պետք է հասկանանք, որ Կրթության տեսչությունը իր գնահատումն  իրականացնում է իր իսկ կողմից  իրականացրած ստուգումների հիման վրա,  հաշվի առնելով կրթական  օրենսդրության պահպանումը:  Բացի այդ՝ տեսչության  ստուգումները  յուրաքանչյուր տարվա կտրվածքով տարածվում են  հանրապետության դպրոցների որոշակի քանակի  վրա միայն, մինչդեռ վարկանիշավորման գործընթացում ներգրավված են բոլոր դպրոցները և հիմք են ընդունվում  բացառապես այնպիսի  ցուցանիշներ, որոնք ընդհանրական են բոլոր  դպրոցների  համար և ներկայացվում են հենց դպրոցների կողմից:  Շատ կարևոր է նաև, որ այդ ցուցանիշները լինեն ստուգելի և չափելի: Եթե հնարավոր լիներ  բոլոր դպրոցների  համար ունենալ տեսչական ստուգումների արդյունքներ, մենք անպայման դա կդարձնեինք վարկանիշավորման ցուցանիշ: Բայց քանի դեռ այս պահին դա հնարավոր  չէ իրագործել,   մենք տեսչավորման արդյունքները չենք ներառում վարկանիշավորման ցուցանիշների մեջ»,- պարզաբանեց   Ա. Պողոսյանը՝  ավելացնելով, որ վարկանաիշավորումն ու տեսչավորման գնահատումները միմյանց չեն խանգարում:

ԿՏԱԿ տնօրենի խոսքով՝  հաշի առնելով, որ դպրոցները որպես կանոն  վարկանիշավորման հարցաթերթը լրացնելիս ունենում են դժվարություններ՝ հատկապես ցուցանիշները ճիշտ  մուտքագրելու առումով,  որոշվել է թողարկել դպրոցների վարկանիշավորման ուղեցույց, որն առաջիկայում կհրատարկվի և կբաժանվի բոլոր դպրոցների տնօրեններին:

Հավելենք նաև, որ վարկանիշավորման համակարգում ընդգրկված են բոլոր պետական դպրոցները, իսկ մասնավոր դպրոցները ներգրավվում են ըստ իրենց  ցանկության:Կան դպրոցներ, որ հրաժարվել են վարկանիշավորումից:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Ինչպե՞ս է լինում,որ կրթության տեսչության կողմից ցածր գնահատված դպրոցը ԿՏԱԿ-ի կողմից բարձր վարկանիշավորում է ստանում” հրապարակմանը

  1. Tigran says:

    Ավելի հիմար բան քան վարկանիշավորումն է մտածել չել կարելի: