Ամենաժողովրդական Տյառնընդառաջը

Feb 12, 2016 Comments Off on Ամենաժողովրդական Տյառնընդառաջը

Մամլո ասուլիսն սկսվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախմբի գեղեցիկ կատարումով: «Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է բոլորին: Տոնին, յուրաքանչյուր անձ իր ունեցած կարողություններով պետք է ընդառաջ գնա Աստծուն և վերանայի իր հոգևոր կյանքը», – ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, փետրվարի 12-ին Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում՝ ամենաժողավրդական՝ Տյառնընդառաջի տոնին նվիրված մամլո ասուլիսում: Տեր Հակոբը տեղեկացրեց, որ տոներ կան անշարժ են, ինչպես օրինակ՝ Սուրբ Ծնունդը, որը Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես նշում է հունվարի 6-ին, այդպես էլ ամեն տարի Տյառնընդառաջը՝ անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Երկարակյաց Սիմեոն ծերունուն էր շնորհված ընդառաջ գնալ և օրհնել տաճար բերված մանուկ Հիսուսին, քանի որ Սուրբ Հոգուց հրամայված էր, որ մահ չտեսնի, մինչև չգրկի Օծյալին: Այս տարի տոնը համընկավ Մեծ Պահքի օրերին, երբ փակվում են եկեղեցիների խորանի վարագույրները՝ ինչո՞ւ՝ Ադամի դրախտից ելնելու խորհրդով: Սակայն Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, բաց վարագույրով: Հայտնի է, որ եկեղեցական օրացույցով նոր օրն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Տեր Հակոբը նշեց նաև, որ տոնն ունի ազգային ավանդույթների բաղադրիչներ: Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով, որը նաև Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշն է, վառում են Տյառնընդառաջի խարույկ, որի շուրջ նախ նորապսակներն են պարում և թռչում վրայից: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սահակյանը ներկայացրեց «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համաղեկավար Լուսինե Մկրտչյանին և Եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնության անդամ Արեգ Գալստյանին, ովքեր կարևորեցին տոնի հետ առնչվող ժողովրդական ազգային մշակույթը և իրենց ուժերով որոշեցին տոնի առթիվ, երեկոյան խարույկի շուրջ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում համերգ կազմակերպել, այսինքն՝ համախմբերով իրենց ուժերը՝ աշխարհին և համայն հայությանը ներկայացնել մեր ազգային, ավանդական՝ հարսանեկան, ինչպես նաև տոնական շուրջպարերը, երգերը, այսինքն՝ ինչ դարեր շարունակ պատկանել է մեր ժողովրդին, այն կրկին ժողովրդին վերադարձնել:

Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: