Չեն փոխվում

Feb 12, 2016 Comments Off on Չեն փոխվում

Վերջապես ավարտին է մոտենում ՀՅԴ-ՀՀԿ «առեւտուրը»: ՀՀԿ ղեկավարությունը դեռեւս չի շտապում հայտարարել, թե ինչի շուրջ է կայացվել համաձայնությունը, բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ մարդկանց որոշակի շրջանակի ամեն ինչ արդեն հայտնի է։ Այսպիսով, ՀՅԴ-ին կհասնեն էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման եւ կրթության եւ գիտության նախարարությունները։ Շարքում անակնկալ էր վերջինը, որը կայացվել է վերջին պահին, մինչ այդ քչերն էին հավատում, թե իշխանությունը «հին ընկերներին» կզիջի առանցքային պոստեր, որպիսին կրթությանն է: Հիմա շատերին մի հարց է հուզում. այդ ինչպե՞ս հաջողվեց խորհրդարանում ընդամենը հինգ մանդատ ունեցող, իսկ հասարակության շրջանում զրոյականից ցածր վարկանիշ ունեցող Դաշնակցությանը կառավարությունում երեք նախարարական մանդատ պոկել և երկու մարզպետի պաշտոն։Ինչու՞մն է Դաշնակցության հաջողության գաղտնիքը։

Զրուցեցինք Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, մի քանի օրից կհանգուցալուծվի ՀՅԴ-ՀՀԿ գործակցությունը եւ կողմերը թուղթ կստորագրեն, պաշտոններ կհանձնեն դաշնակցականներին: Հիմա էլ հստակ է, որ դաշնակցականները կստանան, այն, ինչ ցանկանում էին: Ինչո՞վ կբացատրեք այս անբացատրելի թվացող իրողությունը: Իշխանությունը ամբողջապես բավարարում է խորհրդարանում հինգ հոգանոց խմբակցության պահանջը:

-Դե, դաշնակները պաշտոններ են ուզում, իրենք չեն փոխվում:

-ՀՅԴ-ականները հայտարարում են, որ պատասխանատվություն են ստանձնում երկիրը վատ վիճակից հանելու նպատակով, պաշտոնների հարցը երկրորդական է:

-/Ծիծաղում է/Միշտ այդպես է եղել, այս անգամ էլ, ու կստանան:

-Դաշնակցության կշիռը ո՞րն է, որ իշխանությունը մինչեւ անգամ անհավանական զիջումների է գնում:

-Կապվածությունը իշխանություններին՝ եւ պաշտոնական, եւ անձնական մակարդակում:

-Իշխանության հետ միայն Դաշնակցությունը կապված չէ, եթե անգամ կապված է, միեւնույն է դերակատարը ՀՀԿ-ն է:

-Դաշնակցությունն ուժ է, որի հետ պետք չէ, որ իշխանությունը կոնֆլիկտներ ունենա, ավելի լավ է հաշտ ու համերաշխ:

-Բայց բոլորովին վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ ՀՅԴ սփյուռքի կառույցները դժգոհ են ղեկավար մարմնի որոշումներից , այսինքն՝ ՀՅԴ-ի ուժը գոնե միասնության մեջ չէ, կառույցները մասնակից չեն որոշումների կայացմանը, ինչո՞ւմն է ուժը:

-Որոշակիորեն կազմակերպված են, անցյալ ունեն ուղղակի եւ վերջ:

-Անակնկալը կրթության ոլորտի ու հատկապես ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ նախարարի պաշտոնանկությության հարցն էր, մի կողմից հայտարարվում է, թե քաղաքական սերնդափոխություն է իրականացվելու, մյուս կողմից՝ ազատվում են Աշոտյանից,այդպես չի թուլացվում իշխանության թեւերից մեկը, ինչպես նաեւ հնարավո՞ր է ՀՅԴ-ի հետ կոալիցիան նոր բախում մտցնի իշխանության թեւերում:

-Ես այդ մասին չգիտեմ, չեմ կարող ոչինչ էլ ասել, սպասենք, կտեսնենք:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: