ՀՅԴ-ն ազատություն է տալիս Սերժ Սարգսյանին

Feb 09, 2016 Comments Off on ՀՅԴ-ն ազատություն է տալիս Սերժ Սարգսյանին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ներքաղաքական այժմեական գործընթացները դիտվում են նախապատրաստական քայլեր դեպի 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Քաղաքական ուժերի տեղի, դերի  ու ազդեցության առումով բնականաբար կարևոր փորձությունը լինելու են 17 թվականի ընտրությունները, որովհետև հենց այդ ժամանակ է որոշվելու՝ ովքեր կմնան խորհրդարանում, ովքեր կհայտնվեն խաղից դուրս վիճակում:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում բավական ուշագրավ են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները: Դասական քաղաքագիտության կանոններով կառավարական կոալիցա, որպես կանոն, ձևավորվում է խորհրդարանական ընտրություններից հետո երկու կամ մի քանի կուսակցությունների  միջև, հատկապես այն դեպքերում, երբ կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի ունենում պառլամենտում: Այդ նույն դասական քաղաքագիտության կանոններով՝ այս պահին Հայաստանում կառավարական կոալիցիա կազմելու որևէ նախադրյալ գոյություն չունի: Իշխող ՀՀԿ-ն պառլամենտում ունի բացարձակ մեծամասնություն, իսկ ՀՅԴ-ն խորհրդարանական փոքրաթիվ ներկայացվածությամբ չի կարող պառլամենտում ապահովել իշխանության դեմ հնարավոր ընդդիմադիր հակազդեցությունը, եթե այդպիսին լինի, չեզոքացնել: Հայաստանում փաստորեն այս պահին ճիշտ հակառակն է տեղի ունենում. կոալիցիան կազմվում է խորհրդարանական ընտրություններից ոչ թե հետո, այլ առաջ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը համաձայնվում իր կուսակցության առանձին խմբավորումների ու անհատների շահերը ոտնահարելով՝ իշխանության մի մասը նվիրել ՀՅԴ-ին: Սա Սերժ Սարգսյանի բարի քեռու դիմա՞կն է, թե՞ մկան թակարդում դրված ձրի պանիրը:

Բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գերխնդիրն այս փուլում պետք է լինի 2017-ի ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ստանալը: Եվ որքան էլ ՀՅԴ- ՀՀԿ սիրախաղը շատ ջերմ ու անկեղծ լինի, որքան էլ քաղաքական պայմանավորվածություններ լինեն քաղաքական պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ, միևնույնն է՝ եթե քվեաթերթիկում այս երկու կուսակցությունները  ներկայացվելու են առանձին անուններով, նրանք, ուզեն թե չուզեն, մրցակցելու են, և այս հարցում շահերի բախումն անխուսափելի է լինելու:

Մյուս կողմից՝ մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները  իշխանությունը և սահմանադրական հանրաքվեին աջակցած մյուս ուժերը խնդիր ունեն ապահովել նոր սահմանադրության իրագործումը՝ օրենքների, ընտրական մեխանիզմների և ընդհանրապես խորհրդարանական սահմանադրության հիմքում դրված ժողովրդավարական գաղափարներր կյանքի կոչելու հարցում: Ի վերջո ցանկացած սահմանադրություն, եթե նրա իրագործման նկատմամբ չլինի լուրջ վերահսկողություն, կարող է մնալ թղի վրա գրված գաղափար: Նոր սահմանադրության՝  իրագործման առումով իրականում ամենալուրջ անելիքը վերապահված է ՀՅԴ-ին: ՀՅԴ-ն ներկա քաղաքական կոնֆիգուրացիայում հենց այն ուժը պետք է լիներ, որը հետևողականորեն պետք է պահանջեր իշխանությունից՝ գնալ նոր սահմանադրության մատնանշած ճանապարհով: Մյուս ուժերը՝ ՀԱԿ-ը, <<ժառանգությունը>>, ի սկզբանե հրաժարվել են այս սահմանադրությունից, իսկ <<Բարգավաճ Հայաստան>>-ը հայտնի պատճառներով չի կարող նման պատասխանատվություն ստանձնել: Կառավարությունում պորտֆելներ վերցնելուց հետո ՀՅԴ-ն բնականաբար չի կարողանալու, լինելով իշխանության մաս, այդ նույն իշխանությանը ներսից վերահսկել և նրանից պահանջել՝  սահմանադրական նորմերի պահպանում: Պորտֆելներ առաջարկելով ՀՅԴ-ին՝  իշխանությունը  փորձում է ազատություն ստանալ՝ սահմանադրական մեխանիզմները լիովին իր  վերարտադրության նպատակին ծառայեցնելու համար: Իսկ ՀՅԴ-ն փաստորեն տալիս է այդ ազատությունը իշխանությանը:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: