Ինչը ստիպեց Կճոյանին հրաժարվել

Feb 04, 2016 1 Comment

Մի քանի օր է` համացանցում տարածվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը` թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012 թվականին: Ֆիլմը ցուցադրող youtube-յան էջում գրված է. ««Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հետաքրքրական և վայրիվերումներով լի ճակատագրի մասին է: Մանկության տարիներից մինչև Օշականում բացառիկ մաշտոցյան դպրատան ստեղծումը, բանակային օրերից մինչև ՍԲ. Սարգսի տոնին նոր շունչ տալու նրա նախաձեռնությունը՝ իրենց հուշերով են կիսվում սրբազանի աշխարհիկ և հոգևոր ընկերները: Նավասարդ արքեպիսկոպոսի առօրյայից զարմանալի իրադարձություններ են հիշում նրա հարևանները»: Մոտ 50 րոպե տևողությամբ ֆիլմում բացառապես դրական փաստեր են ներկայացված հանրության շրջանում միայն սկանդալներով հայտնի Կճոյանի անցած ուղուց. «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմում սկանդալային արքեպիսկոպոսի սկզբունքորեն նոր պատկեր է ստեղծվում, որի մասին դժվար էր մտածելն անգամ՝ հետևելով Կճոյանի կյանքի մասին մամուլի հիշատակումներին: Հավանաբար, այս պատճառով է, որ Կճոյանը չի ցանկացել, որ ֆիլմը տարածվի, ինչպես ներկայացվում է լրատվականներում, թերեւս, սրբազանը ցանկանում է «ամբողջական» դարձնել ֆիլմը եւ հանրությանը ներկայացնել իրապես իրական Նավասարդ Կճոյանին, որի մասին բոլորս գիտենք: Ի դեպ, ֆիլմի գաղափարը պատկանել է արքեպիսկոպոսի ընկերներին, ովքեր պատրաստվում էին նվիրել այն Նավասարդ Սրբազանի 55-ամյակին: Տեղեկանում ենք, որ Կճոյանը ռեժիսորական կրթություն է ստացել Ռիգայում եւ դեռ մանկությունից մտքով անգամ չի անցել, որ հոգեւորական է դառնալու: Բայց հետեւելով բողոքական հոր վերջին պատգամին, նա քայլել է դեմի Ճեմարանի դռները .«Ճեմարան ընդունվելը ինձ համար կայծակի պես մի բան էր, ես պատրաստ չէի հոգեւորական դառնալ, եթե չանեի մեղք գործած կլինեի հորս հիշատակի առջեւ, ես բոլորովին այլ կյանք էի պատկերացնում» ֆիլմում լսվում է Կճոյանի ձայնը, ով պատմում է նաեւ, որ ճեմարանի ռեժիմին չէր դիմանում, «Մտածում էի՝ ի՞նչ անեմ, որ հեռացնեն ճեմարանից»: Ի դեպ, նա մանկությունից էլ սեր է ունեցել կրակելու հետ, ընկերներից մեկը պատմում է, թե ինչ ճշգրտությամբ է Նավասարդը սուտլիկ որսացել: Աշխարհիկ այլ հաճույքներում էլ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում՝ թենիս, լող, շաղմատ.«Պրոֆեսիոնալ է» բնութագրում են մտերիմները: Հատկանշական է, որ ֆիմը պատմում է սկսնակ Կճոյանի մասին, հասնում մինչեւ Օշականում վարդապետության տարիներ, ներկայացնում նրա կենդանասիրությունը, մարդասիրությունը, թե ինչպես է նա իր հեծանիվը նվիրել գյուղի փոստատարին, որպեսզի ոտքով չտանի նամակները, որ ամեն օր մտել է օշականցիների տները, նրանց կապել եկեղեցու հետ: Իսկ ահա, Բենթլիի, օֆշորի ու շքեղ նվերների, Կճոյանի իրական կյանքի ու կերպի մասին այստեղ լռում են: Մենք մանրամասնորեն չենք անդրադառնա ոչ հարյուրհազարանոց «Բենթլիին», ոչ «օֆշորային» զեղծարարության պատմություններին, որոնց մասին այնքան շատ է խոսվել եւ ոչ էլ նախկին վարչապետից նվեր ստացած զենքի պատմությանը: Սրանք, ընդամենը, անխուսափելի հետևանքներն էին, սպասելի ու ենթադրելի զարգացումները, հատուցումն այն կյանքի, որն ընտրեց Կճոյանը՝ իշխանության սպասարկուն, «հոտի» խնդիրներին անհաղորդ ու հասարակական-քաղաքական ակտիվ շրջանակներում իր գործունեության արդյունքում «ՀՀԿ-ական տերտերի» կարգավիճակ ստացած սրբազանը: Մի քանի անգամ նույնիսկ ստորագրահավաքներ կազմակերպվեցին Նավասարդ սրբազանին կարգալույծ անելու պահանջով ու մնացին անարձագանք: Քաղաքում տարածված հայտարություն-թռուցիկներում գրված էր. «Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր« Բենթլիով» կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին»: Բայց նա անառիկ մնաց իր դիրքերում անգամ սիրելի վարչապետի հրաժարականից հետո: Հիմա էլ Կճոյանը մնում է հարթակում` քաղաքական էլիտայի կողքին: Թերեւս, այս «բացերը» լրացնելու համար է Կճոյանը կանխել ֆիմի ցուցադրումը, որպեսզի այն ամբողջական դառնա:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ինչը ստիպեց Կճոյանին հրաժարվել” հրապարակմանը