Դաշնակցությունը իրեն սրբի տեղ է դրել

Feb 02, 2016 Comments Off on Դաշնակցությունը իրեն սրբի տեղ է դրել

Մինչ քաղաքական առողջ շրջանակներում շաբաթներ է՝ քննարկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության ինչի՞ն է պետք Դաշնակցությունը, որ պատրաստվում է նրա հետ կոալիցիա կազմել և նույնիսկ զիջել մի քանի պորտֆել: ՀՅԴ-ն երկրում առանձնապես մեծ ազդեցություն չունի, ու թեև պատմություն ունեցող կուռ կառույց է, սակայն փոքրաքանակ է, դարձել է այդպիսին, ու էական դերակատարում չունի: Ասվածի լավագույն ապացույցն է այն, որ դաշնակները նույնիսկ ընտրությունների ժամանակ չեն կարողանում իրենց համար անհրաժեշտ ձայներ հավաքել, և միշտ իշխանության բարեգթության արդյունքում են խցկվում խորհրդարան: Հարցը գրեթե միշտ նույն պատասխանն է ունեցել. Իշխանության հին ընկերները սփյուռքում ունեն ազդեցիկ և հարուստ կառույցներ, և հենց նրանց միջոցով Հայաստանի իշխանություններն ապահովում են թե՛ կապն այդ մարմինների հետ, թե՛ հնարավոր դարձնում որոշակի նյութական աջակցության ստացումը: Սակայն պարզվում է՝ կա մեկ պատճառ էլ, ՀՀԿ-ն ցանկանում է վերականգնել իր հեղինակազրկված իմիջը եւ այդ պատճառով է դաշնակցությանն <<արի տուն>> ասում:ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում չխորշեց իրերն իրենց անուններով կոչել՝ ասելով, որ իշխանություններն այսօր հեղինակազրկված են: Թե ինչո՞ւ են հեղինակազրկված իշխանությունների հետ համագործակցության գնում. «Եթե մենք չփոխենք այս համակարգը, նույնն է լինելու: Մենք ուզում ենք համակարգը փոխել»,- ասաց նա: Հարցին, թե հեղինակազրկված իշխանության հե՞տ են ուզում փոխել, նա պատասխանեց. «Այո, ուրիշ ճանապարհ չկա: Եթե այդտեղ կարող ես գործ անել, ուրիշ դաշտ չի մնացել Հայաստանում իրական գործ անելու: Մենք մտնում ենք, որ իշխանության որակը փոխվի», Ռուստամյանը վրդովվել է, թե ճիշտ չի լինի, եթե այդ գործընթացներից մի կողմ քաշվեն ու մասնակից չլինեն: Ճիշտ չէ՞ր միանալ ընդդիմությանը, գնալ իշխանափոխության, նա պատասխանեց. «Ընդդիմությանը միացանք, քառյակին միացանք, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Քառյակը թող մնար մեր գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայներով մենք մեր բոլոր խնդիրները կլուծեինք»,- ասաց նա:

1998-ից ՀՅԴ-ն իշխանության մաս է կազմում ամեն անգամ տալով՝<< հանուն երկրի>> արդարացումը :Եթե նույնիսկ ընդունենք այդ բացատրությունը, ապա բոլոր դեպքերում դաշնակցության ղեկավարած ոլորտներում հետընթացը անխուսափելի է եղել, այդպե՞ս են հանուն երկրի աշխատել,թե ինչպես ամեն կոալիցիայից դուրս գալիս արդարանում են՝ իրենք հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն գործելու: Հետևաբար,հիմա էլ պետք չէ թաքնվել ամպագոռգոռ կոչերի ու արդարացումների տակ: Ամեն ինչ հստակ է, մի խումբ դաշնակցականներ պաշտոններ են ուզում, ուրիշ ոչինչ… Իսկ Հայրենիքը պետք է հանգիստ թողնել… Հայրենիքի համար պայքարող նվիրյալ դաշնակցականներ շատ կան, որոնք պաշտոններ չունեն, պատգամավորներ չեն, բիզնեսների չունեն, բայց մնալով շարքերում անում են իրենց գործը: Մանավանդ որ դեռ հարց է՝ ով է ավելի շատ հեղինակազրկված իշխանությունը, թե ընդդիմադիր հռչակված դաշնակցությունը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: