Իշխանությունը հանձնո՞ւմ են ՀՅԴ-ին

Jan 31, 2016 Comments Off on Իշխանությունը հանձնո՞ւմ են ՀՅԴ-ին

Դաշնակցության պտույտները ՀՀԿ-ի շուրջ կարծես ավարտին են մոտենում, հայկական մամուլը առանց երկրմտելու տեղեկացնում է ՀՀԿ-ՀՅԴ սակարկումների մասին առ այն, որ քաղաքական որոշում է կայացրել անջատել Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը, ՏԿԱԻՆ-ը «հին», բայց անդավաճան ընկերներին շնորհելու համար: Այս երկու նախարարությունները միավորվեցին մոտ մեկ տարի առաջ՝ նաեւ ռեսուրսների խնայողության ու օպտիմալ կառավարման սկզբունքով: Թեպետ այն ավելի քաղաքական ենթատեքստ ուներ եւ Սերժ Սարգսյանը, գերնախարարություն ձեւավորելով, նպատակ էր հետապնդում «արտակարգ» ռեժիմով տարածքային վերահսկողություն սահմանել, որտեղ նույն ժամանակահատվածում ծաղկում էր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ընդդիմության միասնական շարժումը, մարզային գրասենյակներ էին բացվում, հեռահար պլաններ գծվում… Չէ՞ որ արածքային կառավարումը Հայաստանի իշխող համակարգի հիմնասյուներից է, համակարգի վերարտադրության եւ գործունեության առանցքային դետալներից մեկը, որի խափանումը հղի է ամբողջ համակարգի կոլապսով: Այս նախարարությունն իր ձեռքում է պահում մարզերն ու մարզպետերին, տնօրինում վարչական ահռելի ռեսուրսներ, որոնց գործարկումն է, որ ընտրություններին որոշիչ է դառնում իշխանության վերարտադրության հարցում: Ստացվում է, որ իշխանությունը սեփական ձեռքով կտրո՞ւմ է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է կամ ինքնակամ զիջում իշխանությունը ՀՅԴ-ին: Մյուս կողմից՝ այս պաշտոնի ռեալ թեկնածուի տեսակը կարծես տալիս է որոշ հարցերի պատասխաններ: Հավակնորդը ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանն է, նախկին գյուղնախարար, որը Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկներից» է, Հովիկ Աբրահամյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ասել կուզի՝ համաձայնությունը կայացվել է մի անձի վերաբերյալ, որ ոչ այնքան ՀՅԴ-ական է, որքան իշխանությանը սերտաճած մեկը,որն աչքի է ընկնում տնտեսական իր հետաքրքրությամբ ու դրանով դարձել է իշխանության «խաղի կանոներով» առաջնորդվող անձ եւ ամենակարեւորը՝ կառավարելի: Լոքյանն ամենաձախողած նախարարներից մեկն է, որի նպատակը միայն հարազատների նախարարությունում աշխատանքի տեղավորելն էր, թե ինչպես է նա գլուխ հանելու ծանր պաշտոնում, դեռեւս հարց է: Նրա որդին՝ Սերգեյ Լոքյանը, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է, որն Օպերայի հարևանությամբ «Լուբրանո» կոչվող ռեստորանային մի համալիր է բացել, տնօրինում է ուրիշ բիզնեսներ եւս: Առհասարակ, դաշնակցական ընկերներն այս հարցում չեն զիջում ՀՀԿ-ականներին: ՀՅԴ հայաստանյան ղեկավարների բիզնեսների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել: Կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի ու նրա եղբոր հյուրանոցային համալիրի ու խաղատների մասին բոլորը գիտեն: Հայտնի են նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տնտեսական հետաքրքրությունները: Ընդ որում, նա տասնյակ հեկտարներով մշակովի հողեր ունի ոչ միայն ազատագրված տարածքներում, այլ նաեւ Հայաստանում: Ա.Աղաբեկյանը ըստ լուրերի՝ ֆերմա ունի եւ թանկարժեք էկզոտիկ թռչուններ է բուծում: Մտածել, որ իշխանության հետ հազար թելերով կապվածությունը դաշնակցականներին ռիսկի չի տանի, դաշնակցության դեպքում գուցե արդարացված է, չնայած հայտնի թեզին՝ ով ռիսկի չի դիմում, նա զրկվում է մեծ բաներից, բայց դաշնակցության վերջին տարիներիքաղաքական հետքը ցույց է տալիս, որ նրանք բավարարվում են նրանով, ինչ իշխանությունն է տալիս:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: