ԵԽԽՎ խայտառակությունը բացահայտված է

Jan 31, 2016 2 Comments

ԵԽԽՎ նիստում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձևի ընդունումը հայկական պատվիրակության խայտառակ տապալումն էր: Այս պարզ իրողությունը ակնհայտ դարձավ Սարսանգի ջրամբարի գործարկման վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ներկայացրած պարզաբանումներից:

Պարզվում է՝ Սարսանգի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ առաջարկներ ԼՂՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արվել են, ընդ որում մի քանի անգամ՝ սկսած դեռևս 2013 թվականից, երբ Ադրբեջանն առաջին անգամ միջազգային ատյաններում բարձրացրեց Սարսանգի հարցը:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությանն են դիմել: Սարսանգի ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվել են 1970-1976 թվականներին Թարթառ գետի վրա: Ժամանակին Սարսանգի ջրերն իրոք ոռոգում էին ոչ միայն ադրբեջանական շրջանների, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դաշտերը: Հակամարտության հետևանքով մոտ 500 միլիոն մ³ օգտակար ջրատարողությամբ ջրամբարը դադարել է ոռոգման ջրի աղբյուր լինելուց ինչպես ադրբեջանական, այնպես էլ ԼՂՀ տարածքների համար:  Այն այժմ օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար:

 Սարսանգի հիդրոկայանը տարեկան արտադրում է մոտ 140 միլիոն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Խնդիրն այն է, որ ամառային տարեշրջանում, երբ ադրբեջանական կողմին ջուրն անհրաժեշտ է ոռոգման նպատակով, Արցախում ստիպված են Սարսանգում ջուր կուտակել՝ ձմռանը էներգետիկ խնդիրները լուծելու համար: ԼՂՀ վարչապետը հավաստիացրել է, որ չնայած Սարսանգի ջրամբարը կենսական նշանակություն ունի ԼՂՀ բնակչության համար, պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստակամ է ջրի համատեղ օգտագործման հարցը քննարկել  ադրբեջանական կողմի հետ:

Այսինքն՝ ինչպես իրավացիորեն նկատել էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ադրբեջանի իշխանությունը, ԵԽԽՎ-ի բանաձևերի թիկունքում պատսպարվելու փոխարեն, պետք է Սարսանգի ջրամբարի մինչև Քուռ գետ հասնող ջուրը պոմպակայաններով հասցնի սեփական ժողովրդին կամ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ, որպեսզի կառուցվի դեռևս 2002թ. նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների հողօգտագործողներին, և կօգտվեն թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:

ԼՂՀ փոխվարչապետի խոսքով՝ նախագծի արժեքն այսօրվա դրությամբ կազմում է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այսինքն՝ ԼՂՀ վարչապետն ու փոխվարչապետը ներկայացրել են շատ հստակ և փաստարկված հիմնավորումներ, թե ինչու ադրբեջանական բնակավայրերը չեն օգտվում ջրամբարից: Սակայն Ստրասբուրգում հայաստանյան պատվիրակության անդամներից և ոչ մեկը այս փաստարկներից բառ անգամ չհիշատակեց: ԵԽԽՎ-ում հնչած բոլոր ելույթները զուտ էմոցիաների վրա հիմնված, ռազմահայրենասիրական բնույթի՝ ոչինչ չասող կոչեր էին: Մինչդեռ ԵԽԽՎ-ն, ադրբեջանական մեջլիսի հետ համեմատելու և բոսնիացի ծախու պատգամավորին միակողմանիության մեջ մերկապարանոց մեղադրելու փոխարեն, պետք էր ընդամենը շատ պարզ սոցիալ-տնտեսական հիմնավորումներով բացատրել, որ ո՛չ ԼՂՀ, ո՛չ էլ ՀՀ իշխանությունները պարտավոր չէին 15 մլն դրամ արժողությամբ Սարսանգի ջրամբարի անավարտ նախագիծը կյանքի կոչել՝ ադրբեջանական բնակավայրերը ջրով ապահովելու համար:

Այդ նույն ԵԽԽՎ-ին կարելի էր առաջարկել՝ աջակցել ԼՂՀ իշխանություններին՝ ջրամբարի կառուցումը ավարտին հասցնելու գործում: Եվ եթե իսկապես ԵԽԽՎ-ն հիմնված է մարդկային բարձր արժեքների վրա, ապա նա կարող է անտեսել ԼՂՀ խնդրի քաղաքական կողմը և միավորվել հայկական և ադրբեջանական բնակավայրերը ջրով ապահովելու հումանիստական գաղափարի շուրջ: Սակայն մերոնք Ստրասբուրգում, ինչ ասես, ասացին՝ բացի ամենակարևորից. այսինքն՝ ոչ թե մենք ջուր չենք տալիս, այլ ադրբեջանական իշխանությունները չեն ուզում բանակցել խնդրի շուրջ և ջրամբարը դիտարկում են քաղաքական և ոչ թե գյուղատնտեսական կամ էներգետիկ կառույց:

Նույնիսկ այն ժամանակ, երբ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը մեղադրում էր հայկական կողմին՝ իր Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցը մերժելու համար, հայկական կողմը այդպես էլ հոդաբաշխ հիմնավորում չներկայացրեց, թե ինչու է անտեսվել այս կնոջ ցանկությունը: Հակառակը՝ պետք է ամեն ինչ անել, որ Մարկովիչն ու խավիար ուտող մյուս եվրոպացի պատգամավորները հնարավորինս շատ այցելեն Հայաստան ու Ղարաբաղ: Թող գան և իրենց աչքով տեսնեն անկախ ապրող ու զարգացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, տեղում ծանոթանան իրավիճակին և հայկական կողմի փաստարկներին: Լավ, ո՞րն է եղել թույլ չտալու իմաստը:

Կամ ի՞նչ է նշնակում, երբ քո ռազմավարկան գործընկեր Ռուսաստանի պատվիրակները չեն մասնակցում քվեարկությանը, իսկ անմիջական հարևան երկրի՝ Վրաստանի պատգամավորները՝ բոլորը կողմ են քվեարկում հակահայկական բանաձևին: Որքան էլ որ Բաքու-Թբիլիսի քաղաքական հարաբերությունները գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա, քան Երևան-Թբիլսի հարաբերությունները, որքան էլ որ մենք Աբխազիայի հարցում դեմ ենք քվեարկել վրացամետ զեկույցներին, միևնույնն է, երկու-երեք վրացու հետ կարելի էր լեզու գտնել, որ նրանք գոնե ձեռնպահ քվեարկեին: Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի պարագայում: Եվ թող որևէ մեկը չփորձի ասել, թե մենք Վրաստանի  կամ մյուս պատվիրակությունների հետ աշխատելու տեղ չունեինք: Չենք ունեցել կարողություն: Հենց այսպես անկարող անմեղսունակության համախտանիշով անտեղյակների ենք ուղարկում Ստրասբուրգ, որ գնան փառավորապես տապալեն խորհրդարանական դիվանագիտությունը և հետո պատճառներ փնտրեն, թե ինչու այդպես և ոչ այլ կերպ եղավ:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

2 Անդրադարձ “ԵԽԽՎ խայտառակությունը բացահայտված է” հրապարակմանը

  1. Կարինե says:

    Նաղդալյանների համար գլխավորը իրենց ,,ջրանբարներն,, են,եթե իրենք սեփականացրած լինեին Սարսանգի ջրանբարը անգործության մատնված չլինեին, հիմա կունենայինք բոլորովին այլ պատկեր : Ցավալի է՝ բոլոր ոլորտներում անգործությունը բերում է ժողովրդի, ազգի արժանապատվության, պետական շահերի կորստների:

  2. Valentine Vahradian says:

    Shnorhakal em lusabanelu hamar.