Հայաստանում թաքուն են պահել նոր տեսակի վարակիչ հիվանդությունը  

Jan 25, 2016 1 Comment

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից: Այդ կառույցի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության դեպքերի արձանագրմամբ: Ռուսական կողմը մտահոգություն ունի, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է ներթափանցել Ռուսաստան։ Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չանցած կաթնամթերքի ներմուծումը։ Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի համար օգտագործվող կոշտ մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ Ժամանակավոր արգելքը վերաբերում է ոչ միայն այդ ապրանքները ներմուծելուն, այլև «Ռոսսելխոզնադզոր»-ի փաստաթղթում նշված է, որ այդ ապրանքները Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տեղափոխելը ևս արգելվում է։

Դեռ դեկտեմբերին վարակը  հայտնաբերվել է

Փաստորեն, ըստ ռուսական կողմի ներկայացրած տվյալների՝ Հայաստանում ունենք դաբաղ հիվանդության հետ կապված բավական  լուրջ իրավիճակ: Այնքան լուրջ, որ մեր ռազմավարական գործընկեր պետությունը անգամ տրանզիտի համար իր տարածքը հրաժարվում է տրամադրել հայկական գյուղմթերքին: Ուշագրավ է, որ մինչ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության համապատասխան հրապարակումը, Հայաստանում որևէ մեկը տեղյակ չէր, որ Հայաստանում կա  դաբաղ հիվանդության տարածում:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուսական լրահոսում հայտնված տեղեկատվությունից հետո միայն տարածեց հաղորդագրություն, որտեղ նախ հաստատվում է ռուսական կողմի արգելանքը, ապա նաև նշվում, որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը՝ որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկերներին: <<Հարևան երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում և Թուրքիայի Հանրապետությունում, վերջերս գրանցվել են նոր՝ AG-VII շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր, որն օրերս է հաստատվել ռեֆերենս լաբորատորիայում: Հենց այս տիպի դաբաղն է գրանցվել հարևան երկրներում: Նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար: Մինչև այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութը հնարավորություն չէր ընձեռնում կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն՝ հաշվի առնելով հիվանդության նոր տիպը: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պայմաններին համապատասխան՝ հանրապետությունում իրականացվել են կանխարգելիչ անասնահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները, պետպատվերի շրջանակներում դաբաղի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել: Վարակի տարածքում մինչ այսօր հիվանդության նոր դեպք չի գրանցվել>>,- մասնավորապես նշվում է  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության մեջ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նաև տեղեկացնում է, որ առաջիկայում Հայաստան կժամանի ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի տեղակալը՝ տեղում ծանոթանալու կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:

Ինչո՞ւ են թաքցրել

Ստացվում է, որ դեռ դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է դաբաղ հիվանդության նոր տեսակ, որի մասին հասարակությունը տեղյակ չի եղել: Համապատասխան պետական մարմինը կա՛մ անգործության հետևանքով չի տիրապետել իրավիճակին, կա՛մ էլ միտումնավոր թաքցրել է վտանգավոր հիվանդության մասին կարևոր տեղեկատվությունը: Սա այն դեպքում, երբ վիրուսի հայտնաբերումից հետո, որը եղել է դեկտեմբեր ամսին, մարդիկ տոնական մեծ առևտուր են իրականացրել ու ձեռք բերել մեծ քանակությամբ միս, մսամթերք ու կանթնամթերք: Հետևաբար, քանի որ նրանք անտեղյակ լինելու պատճառով հատուկ զգուշավորություն չեն ցուցաբերել /օրինակ՝ կաթը դաբաղի դեպքում պետք է երկար եռացնել, նույնը նաև միսը/, շատ մեծ հավանականությամբ կարող էին նաև վարակվել:  Այսպիսով մենք գործ ունենք Տեղեկատվության մասին ՀՀ օրենքի պահանջների կոպտագույն խախտման հետ. հանրությունից թաքցվել է մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող տեղեկատվություն:

Մանսագետների բնորոշմամբ՝ դաբաղը շատ արագ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է, որով վարակվում են մարդիկ և կենդանիները՝ խոշոր եղջերավոր անասունները, նաև խոզերը, այծերը, ոչխարները, այլ կենդանիներ։ Մարդկանց վարակվելու հիմնական վտանգը հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի օգտագործումն է: Հիվանդությունը ոչ հաճախակի դեպքերում կարող է մարդուն անցնել նաև այդ կենդանիների միսը օգտագործելու միջոցով, ինչպես նաև հիվանդ կենդանիներին խնամելու պատճառով:

Կենդանիների դեպքում վիրուսն ազդում է կենդանիների կաթնատվության վրա, կենդանու քաշն ընկնում է, ուղեկցվում է  տենդով, բերանի խոռոչի լորձաթաղանթի և վերջավորությունների խոցային ախտահարումներով: Մարդկանց  պարագայում՝ հիվանդի մոտ նկատվում է տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն և ստամոքսաաղիքային ուղիների խանգարումներ։ Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ: Նշենք նաև, որ կենդանիների օրգանիզմում վիրուսը պահպանվում է ավելի քան 400 օր, և այդ իմաստով այն շատ վտանգավոր հիվանդություն է համարվում, որի ժամանակ կենդանիների անկումները մեծ տոկոս են կազմում: Չարորակ դաբաղի ժամանակ անկումը կենդանիների մոտ հասնում է մինչև 100 տոկոսի: Այս հիվանդության դեմ պայքարելու նպատակով կիրառվում է պատվաստանյութ: Թե ինչու ՀՀ-ում կիրառված պատվաստանյութը չի կանխարգելել վարակը՝ թերևս պետք է պարզվի մասնագետների կողմից: Ինչպես նաև պետք է բարձրացվի՝ հանրությունից վտանգավոր հիվանդության մասին տեղեկատվությունը թաքցրած պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը:

 

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Հայաստանում թաքուն են պահել նոր տեսակի վարակիչ հիվանդությունը  ” հրապարակմանը