Թերացել են ՀՀ նախագահի աշխատակազմը , ԱԳՆ-ն և խորհրդարանը . Լարիսա Ալավերդյան

Jan 25, 2016 Comments Off on Թերացել են ՀՀ նախագահի աշխատակազմը , ԱԳՆ-ն և խորհրդարանը . Լարիսա Ալավերդյան

Ինչպես հայտնի է, հունվարի 25-­ից մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի  օրակարգում ընդգրկված է երկու հակահայկական զեկույց: Զեկույցներից մեկը, որի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագիրը: Երկրորդ զեկույցը, որի հեղինակը  բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է, վերաբերում է Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Հակահայկական բանաձևերը քվեարկության կդրվեն հունվարի 26-­ին:

Hayeli.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հերթական հակահայ զեկույցների գոյությունը վկայում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության աշխատանքի բացակայության մասին. <<Մենք ԵԽԽՎ-ում աշխատելու քաղաքական հայեցակարգ չունենք: Որևէ նախաձեռնություն չցուցաբերելու, լռելու և չպատասխանելու քաղաքականությունը չի փոխվել ո՛չ երկրորդ և ո՛չ էլ երրորդ նախագահների օրոք: Լավ, ենթադրենք, առաջին նախագահի օրոք ինչ-ինչ պատճառներով միջազգային հարթականրում Լեռնային Ղարաբաղի հարցով պասիվ կեցվածք էր որդեգրվել: Բայց այդ քաղաքականությունը 1998 թվականին ավարտվեց չէ՞, կարելի էր գոնե դրանից հետո նոր աշխատելաոճ մշակել: Մեր պատվիրակությունը ոչ թե վատ է աշխատում կամ թերացել է, այլ պարզապես ես որևէ աշխատանք չեմ տեսնում: Պետք է համապատասխան կոնցեպտ լիներ և այդ կոնցեպտով խորհրդարանական թիմը պետք է զօրուգիշեր ամենօրյա աշխատանք տաներ: Ինձ որևէ մեկը կարո՞ղ է ցույց տալ գոնե մի օրինակ, երբ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում հանդես է եկել որևէ նախաձեռնությամբ, և դա հետագայում դարձել է բանաձև>>,- վրդովված ասում է տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք միակ դրական տեղաշարժը նկատվել է տեղեկատվական քաղաքականության մեջ՝ ՀՀ նախագահի հանրային կապերի կենտրոնի ստեղծման շնորհիվ, որի կողմից բավական արդյունավետ աշխատանք կատարվեց: Մասնավորապես ստեղծվեց <<Սովորական ցեղասպանություն>> ֆիլմաշարը՝ տարբեր լեզուներով, թողարկվեցին Ադրբեջանում հայերի կոտորածների մասին գրքեր, վավերագրական նյութեր ու փաստատթղթեր հրապարակվեցին: <<Սա շատ դրական էր տեղեկատվական քաղաքականության իմաստով, բայց դա չդարձավ հիմնական պետական  քաղաքականության մաս ու մնաց սոսկ տեղեկատվական հարթակում: Այս նույն հարցերի շուրջ հանընդհանուր քաղաքականություն չցուցաբերվեց: 1992-ից սկսած, երբ մենք դարձանք ԵԱՀԿ և ՄԱԿ-ի, ապա նաև ԵԽԽՎ անդամ, մենք նույն խնդիրը ունենք. մեր պատվիրակությունը չգիտի՝ երբ ինչ հարցեր պիտի բարձրացնի, որ հանձնաժողովների օրակարգերում պիտի նախագծեր ու հարցեր մտցնի, ում հետ պիտի աշխատի, ինչ դաշնակիցներ ունի, ովքեր կարող են մեզ աջակցել: Ի վերջո, ողջ ԵԽԽՎ-ում բոլորը  խավիարի ու նավթային դոլարների սիրահար չեն:
Չի կարելի անընդհատ տապալվել ու 100 պատճառ բերել դրա համար: Ցույց տվեք հաշվետվություն՝ քանի՞ հարց է մեր պատվիրակությունը մտցրել օրակարգ և դրանցից որն է բանաձև դարձել: Ընդհանրապես կա՞ արդյոք հաշվետվություն՝ ի՞նչ է արվել ԵԽԽՎ-ում>>,- հարցնում է Լարիսա Ալավերդյանը:

Մեր զրուցակիցը անընդունելի է համարում վարկածը, թե Հայաստանը գտնվելով Ռուսաստանի ազդեցության տակ՝ ԵԽԽՎ-ում կաշկանդված է գործում: Լուրջ չէ նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի ու ներկայացուցիչների այն պնդումը, թե այդ կարգի բանաձևերը որևէ լուրջ հետևանք ունենալ չեն կարող. <<Դրանք ընդամենը պատճառներ են՝ արդարացնելու իրենց անգործությունը: Քաղաքական ցանկացած մարմնի որոշում անպայման ունենում է հետևանք, քանի որ այս կարգի բանաձևերը որոշակի պատկեր են ստեղծում իրավիճակի մասին: ԵԽԽՎ-ում նստած եվրոպացի պատգամավորները տպավորություն են կազմում խնդրի մասին, այս դեպքում ոչ ճիշտ և ոչ ի նպաստ մեզ տպավորություն: Հիմա մենք ինչի՞ց ենք բողոքում, որ արդրբեջանցի պատգամավորները, ի տարբերություն մերոնց՝ հետևողականորեն աշխատո՞ւմ են: Թեպետ ես վստահ եմ, որ վերջնարդյունքում Ադրբեջանը իր այդ աշխատանքով վնասելու է ինքն իրեն, բայց ամեն դեպքում մենք մեր կողմից շատ գրագետ աշխատանք պետք է տանենք: Պետք է հասկանալ վերջապես, որ գրագետ աշխատելը, այդ թվում նաև ԵԽԽՎ-ում, գրագետ խոսելը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն: Դա պարտականություն է սեփական ազգի ու պետության առջև:>>,- ընդգծեց Լ. Ալավերդյանը:

ԵԽԽՎ-ում աշխատելու քաղաքական հայեցակարգը, Լարիսա Ալավերդյանի խոսքով, պետք է մշակվեր ՀՀ նախագահի աշխատակազմի , ԱԳՆ-ի և խորհրդարանի համապատասխան հանձնաժոցղովի համատեղ ուժերով,  և հենց այս կառույցների թերացումն է , որ  համակարգված աշխատանք չկա. <<Սահմանադրությամբ նախագահն համարվում է արտաքին քաղաքականության պատասախատուն, հետևաբար նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը, ԱԳՆ-ն ու ԱԺ համպատասխան հանձնաժողովը պետք է հայեցակարգ մշակեին, որը հիմք ընդունելով կատարվեր թիմային աշխատանք>> : Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին այն ժամանակվա արտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանը անընդհատ ասում էր, որ ճիշտ մոտեցումը այդ կարգի հարցերում Ադրբեջանին չպատասխանելն է. <<Փաստորեն արդեն 18 տարի է անցել, բայց ոչ մի բան չի փոխվել: Այսինքն՝ 98-ից այս կողմ Հայաստանում գաղափարական առումով իշխանափոխություն չի եղել: Փաստորեն մենք գործ ունենք նույն քաղաքականության, իսկ ավելի շուտ՝ քաղաքականության բացակայության հետ>>,- ընդգծեց տիկին Ալավերդյանը՝ հավելելով, որ անձերը, ովքեր կարող են լինել հաջող կամ անհաջող, որևէ նշանակություն չունեն: Ընդհանուր քաղաքական մոտեցման բացակայության  պարագայում արդյունքը, միևնույնն է, վատ էր լինելու:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: