ՀՅԴ-ն ուրանում է

Jan 24, 2016 Comments Off on ՀՅԴ-ն ուրանում է
Հայ Հեղափոխական Դաշնակցության կոալիցիա մտնելու հարցը լուծված է: Նրանք կդառնան իշխանության մի մասը: Այսինքն՝ իրականացավ այն, ինչի մասին տևական ժամանակ գրում ու խոսում էին, և ինչը ՀՅԴ-ականները դաշնակցաբար «լկտի սուտ» էին անվանում: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով դաշնակցության հայաստանյանկառույցի լիդերն է, Սերժ Սարգսյանի մտերիմներից մեկը, հաստատել է, որ առաջիկայում ՀՅԴ-ն մաս կկազմի իշխանական կոալիցիայի։ Երեւի թե քչերն են մոռացել, որ ՀՅԴ-ն յոթ տարի առաջ կոալիցիայից դուրս էր եկել դեմ լինելով հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ըստ էության մնում են ուժի մեջ: 2009թվականին՝ Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրումից հետո ՀՅԴ-ն ընդունելով խիստ ազգային պահվածք, հայտարարեց, որ ինքը չի կարող լինել մի կառավարության կազմում, որի անդամն իր ստորագրությունն է դրել այդ արձանագրության տակ: Խոսքը ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի մասին է, որի հրաժարականի պահանջով ՀՅԴ-ն նույնիսկ բողոքի ցույցեր կազմակերպեց: Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչել Ցյուրիխյան արձանագրություններից,եւ նույնիսկ Էդվարդ Նալբանդյանն է դեռ գործող կառավարությունում, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է հավատարիմ մնալ դրանց եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսնում է հենց այս սկզբունքներով: Իհարկե, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի ՄԱԿ-ի գագաթնաժողովում մի թեթեւ սպառնաց, թե հետ կկանչի արձանագրությունները, բայց դեռ որեւէ տեղաշարժ չի նշմարվում: Կոալիցիան լքելուց հետո Դաշնակցությունը իր հայտնի յոթ կետերից բաղկացած առաջարկները ներկայացրեց: Իշխանության հետ համագործակցությունը ՀՅԴ-ն հնարավոր էր համարում այն դեպքում, երբ իրագործվեր դեռեւս 2012 թվականին առաջ քաշած 7 կետանոց առաջարկը, որի թվում էր հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչելը։ Յոթ կետերն էին՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, կառավարման խորհրդարանական համակարգը, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը եւ Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Իշխանության հետ կոալիցիա կազմելու քննարկումները մեկնարկել են, իսկ ՀՅԴ-ի գլխավոր պահանջը հայ-թուրքական արձանագրությունների մասով առնվազն կատարված չէ։ Կոալիցիայի առաջարկին համաձայնությունը նշանակո՞ւմ է, որ ՀՅԴ-ն ասում է, որ փոխե՞լ է իր դիրքորոշումը եւ ուրանում է անգամ ինքն իրեն ՝ փաստելով, որ ինքն էլ է հիմա կողմ այդ արձանագրություններիին, թե՞ դաշնակցական ընկերները դաշնակցաբար որեւէ «արդարացում» կգտնեն ու ինչպես արդեն նկատվում է՝ «ազգային-ազատագրական» նկրտումներից եւ երկրի «փրկությունից» ելնելով, հանուն Հայաստանի պարտավոր են գնալ կոալիցիայի: Դաշնակցությունը «հերոսաբար» կիրականացնի նաեւ այն բյուջեն, որի քվեարկությունը, հերոսականությամբ բոյկոտեց, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Աղվան Վարդանյանը: Պորտֆելների մասով դաշնակցական ընկերները կստանան այնքան, որքան կուզենա Սերժ Սարգսյանը: Իսկ սակարկումների մասին հրապարակումները ընդամենը դեմոկրատիայի քողով իշխանությանը շղարշելն է: Անգամ դաշնակցականներին է հայտնի, որ ՀՀԿ-ին կցվելուց բացի, ինքն այլեւս որեւէ շանս չունի: ՀՅԴ անկասկած միայնակ կամ առանց ՀՀԿ-ի օգնության չի կարող 2017-ին հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմն ու հայտնվել խորհրդարանում։
Անի Սահակյան
Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: