Ալիևը` թակարդում

Jan 21, 2016 Comments Off on Ալիևը` թակարդում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ ժամանակներս կմեկնի Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին։ Ադրբեջանի համար Դավոսի ֆորումը շատ կարևոր է, քանի որ այդ ֆորումը երկրի տնտեսություն օտար ներդրումներ ներգրավելու շուրջ բանակցություններ վարելու հարթակ է հանդիսանում, որոնցով ներկայումս շահագրգռված է պաշտոնական Բաքուն։

Մինչ Ալիևը պատրաստվում է ներդրումներ անելու համար գրավել այլ երկրներին, սեփական երկրում իրավիճակն ավելի ու ավելի է բարդանում:

Ալիևը տնտեսական ու սոցիալական հարցերի լուծմանը նվիրված խորհրդաժողովում հայտարարել է պաշտոնյաների թիվը կրճատելու մասին։ Խորհրդաժողովում Ալիևը հայտարարել է, որ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները պետք է լինեն մշտական, և ոչ անհրաժեշտ պետական կառույցները կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ էլ վերացվեն։ Նրա խոսքով՝ արդեն իսկ տրվել են արժութային շուկայի կարգավորմանն ուղղված ցուցումներ և պատրաստվել են առաջարկներ. «Այդ ոլորտում պետք է պատրաստվի օրենսդրական բազա, և հարցը կդիտարկվի խորհրդարանի արտահերթ նիստում»։ Բացի այդ, Ալիևը հանձնարարել է նախապատրաստել մասնավորեցման ընդլայնված ծրագիր՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ, օտար և տեղական ներդրումների ներգրավմամբ, բարելավել բիզնես-միջավայրը, որպեսզի ձեռք բերվի տնտեսական աշխուժություն։

Իսկ Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը հայտարարել է, որ բանկային սեկտորի ամրապնդման շրջանակում 5 կամ 7 բանկեր կարող են միավորվել: Ըստ Ռուստամովի՝ Կենտրոնական բանկը արդեն հայտեր է ստացել մի քանի միավորումների հաստատման համար: Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ միջազգային ֆինանսական հաստատությունները հետաքրքրություն են ցուցաբերել ադրբեջանական բանկերի համախմբմանը մասնակցելու շուրջ:

Բանկերի միավորման վերաբերյալ Ադրբեջանի ԿԲ-ի ղեկավարի հայտարարությունը հնչում է երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել ազգային արժույթի՝ մանաթի ամրապնդմանն ուղղված քայլերի փաթեթին:

Ադրբեջանցի պատգամավորների համար ձմեռային արձակուրդներն ավարտվեցին նախատեսվածից տասն օր շուտ: Նման շտապողականության պատճառը երկրում ստեղծված տնտեսական ծանր կացությունն է:

Ադրբեջանական Միլի Մեջլիսն արտահերթ նիստ էր գումարել, որի գլխավոր օրակարգային հարցը 2016-ի պետական բյուջեի մասին արդեն իսկ հաստատված օրենքում փոփոխություններ կատարելն էր: Նախորդ տարեվերջին ընդունված այս փաստաթղթում ադրբեջանական նավթի ակնկալվող տարեկան միջին գինը հաշվարկվել էր մեկ բարելի դիմաց 50 դոլարի սահմաններում: Այսօր, սակայն այդ գինը գրեթե կրկնապատիկ ցածր է: Ադրբեջանական նավթի մեկ բարելը միջազգային շուկայում այս շաբաթ վաճառում են ամերիկյան 29 դոլարով:

Ֆինանսական շուկայում ստեղծված կացության մասին այսօր Միլի Մեջլիսի պատգամավորների առջև բացատրություններով հանդես եկավ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը: «Լուրերը, թե շուտով մեկ դոլարը երկու մանաթով են վաճառելու, իրականությանը չեն համապատասխանում: Մյուս կողմից մենք պետք է հստակորեն ըմբռնենք, որ երբ մեկ բարելի գինը 30 դոլարից ցածր է, տնտեսությունը մուտք է գործում մի յուրատեսակ մռայլ գոտի, որտեղ կատարված ծախսերը իրենց արդեն չեն արդարացնում: Այսուհետ մենք պարզապես ստիպված ենք մեր տնտեսությունը կառուցել` ելնելով նավթի մեկ բարելի դիմաց 25-30 դոլար գնից»,- ասաց Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահը:

Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեի համոզմամբ՝ այսօր միայն կտրուկ քայլերով է հնարավոր հաղթահարել տնտեսական ճգնաժամը: «Պետական և կառավարական կառույցները իրեն գործունեության ընթացքում նավթային արդյունաբերության հիմքի վրա ստեղծված տնտեսությունից պետք է անցում կատարեն դեպի հիմնականում ազատական հիմքերի վրա կառուցված հարաբերություններ: Չնայած նավթի գնի գրեթե քառապատիկ նվազմանը, Ադրբեջանի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի ֆինանսավորումից: Դրա հետ մեկտեղ 2016-ի բյուջեի ծախսային մասն ըստ ամենայնի պետք է կրճատվի»,-հայտարարում էր պատգամավորը:

Պատգամավոր Զահիդ Օրուջի կարծիքով՝ հարկավոր է կրճատել երկրում գործող պետական գերատեսչությունների թիվը: «Ո՞ւմ է պետք, ասենք, էներգետիկայի նախարարությունը, եթե դրա բոլոր գործառույթները կատարում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը»,- դիմելով գործընկերներին՝ հարցնում էր պատգամավորը։ Մեկ այլ ադրբեջանցի օրենսդիր էլ` Գուդրաթ Հասանղուլիևը, որպես բյուջետային մուտքերի ավելացման միջոցներ մատնանշում էր զբոսաշրջության զարգացումն ու պետական սեկտորի սեփականաշնորհումը.- «Հարկավոր է վերացնել տարբեր երկրների, նախևառաջ հարևան պետությունների՝ Թուրքիայի, Իրանի, Եվրամիության հետ գործող վիզային ռեժիմը: Դա հնարավորություն կտա զարգացած պետությունների բնակիչներին մեր երկրում ազատորեն գումար ծախսել: Բացի այդ եկել է մի շարք պետական կառույցների, օրինակ, Ադրբեջանական ավիաուղիների` AZAL-ի սեփականաշնորհման ժամանակը»։

Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է շրջանառվող այն տեղեկությունը, թե կրճատվել է զինվորականների վարձատրությունը։ Ավելի վաղ, ադրբեջանական Caspian Defense Studies Institute-ը, վկայակոչելով Գլխավոր շտաբում իր աղբյուրները, հայտնել էր, որ 2016-ի հունվարից 30-50 տոկոսով նվազեցվել են Ադրբեջանի զինված ուժերի հազարավոր զինծառայողների աշխատավարձերը։ Բացի այդ, ՊՆ-ի ու ԳՇ-ի տասնյակ աշխատակիցների առնչվելու է պաշտոնի իջեցումն ու զորամասեր ուղարկվելը, ինչը նշանակում է, որ նրանց աշխատավարձերը նվազելու են։ Աղբյուրը հավելել է, որ երկու ամսում՝ դեկտեմբերին ու հունվարին, Ադրբեջանի ՊՆ-ի մի շարք զորամիավորումներ վերացվելու են և գործարկվելու է կորպուսների ղեկավարության կրճատման մեխանիզմ։ Առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են ակնկալվում բանակում։

Այս ամենը կապված է նավթի գնանկման ու մանաթի արժեզրկման հետ։ Ադրբեջանում ստեղծված բավական ծանր ֆինանսատնտեսական վիճակում` իշխանությունները փորձում են կանխել սոցիալական բունտը: Ադրբեջանի Գուբա քաղաքում ներքին զորքերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցաններ՝ գնաճի և գործազրկության դեմ զանգվածային բողոքի ակցիան ցրելու համար: Քաղաքի բնակիչները հավաքվել էին կենտրոնում: Շրջանային վարչակազմի ղեկավարը ցուցարարներին խոստացել է լսել նրանց պահանջներն ու օգնել լուծելու խնդիրները: Սակայն ցուցարարները, միևնույն է, փորձել են փակել Գուբա-Բաքու ավտոճանապարհը: Ներքին զորքերն ու ոստիկանությունը սկսել են հավաքվածներին ցրել արցունքաբեր գազով և պոմպերից ջրով:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: