Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ. ԵԽԽՎ պատվիրակության անդամ

Jan 19, 2016 Comments Off on Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ. ԵԽԽՎ պատվիրակության անդամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները խախտում են վեհաժողովի կանոնակարգը: Այս մասին այսօր  հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հեղինակած երկու նախագծերին, որոնցից առաջինը վերնագրված է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում», իսկ երկրորդը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից»:

«Այդ զեկույցները խախտում են ԵԽԽՎ կանոնակարգի կետերից մեկը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն և զեկուցողի պարտադիր այցելություն խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջան: Դուք գիտեք նաև, որ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Ուոլթերի կինը Ադրբեջանի քաղաքացի է և այնտեղ մեծ կապեր ունի: Ուոլթերն էլ Թուրքիայի քաղաքացիություն է ստացել և ունի հակահայկական մոտեցումներ: Նա այդ զեկույցում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի քաղաքացիներ են տեղահանվել, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, թե որքան հայեր են այդ տարածքից տեղահանվել: Այսինքն, նման զեկույցով փորձ է արվում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը»,­-նշեց Բաբայանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ ոչ միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, այլ նաև Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող բազմաթիվ պաշտոնյաներ բոլոր ջանքերը գործադրել են՝ այդ զեկույցների քվեարկության օրը հաջողություն գրանցելու համար: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդյունքները մեզ համար լինեն դրական: Ես հիմա չեմ կարող շատ բան ասել մեր քայլերի մասին, բայց վստահեցնում եմ, որ բոլոր ջանքերը գործադրվել են և գործադրվելու են»,­ ասաց Բաբայանը:

Բաբայանը  հավելեց, որ այդ զեկույցների ընդունումը խախտելու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ­ ն այն հարթակը չէ, որտեղ կարող են հնչել հայտարարություններ, որոնք դուրս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից:

«Սա նոր քարոզչական զենք է, որը մեր հակառակորդները փորձելու են օգտագործել մեր դեմ»,­ ընդգծեց պատգամավորը:

Լրագրողի դիտարկմանը, թե  ի՞նչ է անելու պավիրակությունը, եթե բանաձեւերն ընդունվեն, Վահան Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ ուզենա Կիկոսի մահի նման պատկերացնել: Մենք ունենք մշակած քայլեր, որոնք պետք է իրականացվեն այս կամ այն սցենարի դեպքում, բայց դրա մասին ասելու պատեհություն չկա»,-եզրափակեց Բաբայանը:

Աստղիկ Ավագյան

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: