Օբամայի հայտարարությունը Իրանի վերաբերյալ

Jan 18, 2016 Comments Off on Օբամայի հայտարարությունը Իրանի վերաբերյալ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հայտարարություն է արել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. «Այսօր լավ օր է։ Դիվանագիտական ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել Իրանի հետ հարաբերություններում լարվածության վերացմանը»։

Օբամայի խոսքով՝ դիվանագետների ջանքերը հանգեցրին նրան, որ Իրանը զրկվեց ատոմային ռումբ մշակելու հնարավորությունից։ Օբաման ընդգծել է, որ եթե նախկինում Թեհրանն ուներ բավականաչափ ռեսուրսներ՝ 10 միջուկային մարտագլխիկ արտադրելու համար, այժմ դրանք անբավարար են անգամ մեկի համար. «Եթե Իրանը փորձի գաղտնի ստեղծել ռումբ, ապա մենք կբռնեցնենք նրանց»։

Օբաման հավելել է, որ դիվանագիտությունը նման տարաձայնությունների լուծման լավագույն եղանակն է, և որ երկրներին հաջողվեց խույս տալ Մերձավոր Արևելքում ևս մեկ պատերազմից։

Դրա հետ մեկտեղ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ Իրանից դժգոհ է մի շարք հարցերի շուրջ՝ կապված ահաբեկչությանը հնարավոր աջակցելու, բալիստիկ հրթիռներ մշակելու և Սիրիայի ու Եմենի պատերազմներին հնարավոր մասնակցության հետ։ Օբաման երիտասարդ իրանցիներին կոչ է արել օգտվել իրենց երկիրն աշխարհի առջև բացելու հնարավորությունից։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: