Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան

Jan 16, 2016 Comments Off on Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան

«Այս պահից սկսած մինչ հունվարի 18-ը հանրապետության տարածքը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում : Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 18-ը աստիճանաբար երկրի ողջ տարածքում կբարձրանա`  7- 9-ը աստիճանով »,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց  ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը :

Սուրենյանը փաստեց, որ առաջիկա օրերին բացառապես տաք եղանակ է սպասվում.

«Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունվարի 18-ին `Սյունիքի հովիտներում և  Տավուշի հովիտներում կանխատեսվում է 18-ից 20 աստիճան տաքություն: Մայրաքաղաքում ակնկալվում է մինչև 10 աստիճան տաքություն: Գիշերային ջերմաստիճանները նույնպես փոփոխություն կկրեն: Եթե այսօր գրանցվել է  մինուս 4 -5 աստիճան ցուրտ, ապա հունվարի 18-ի գիշերը ջերմաստիճանը կլինի դրական: Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև 18-ը ներառյալ, ապա 19-ին հանրապետության տածքին կմոտենա ցիկլոն, որը կրկին տաք ցիկլոն է: Հունվար 19-ին լեռնային շրջաններում ձյուն կտեղա, իսկ նախալեռնային և հովտային գոտիներու տեղումները կլինեն անձրևի տեսքով : Օդի ջերմաստիճանը այդ օրերին նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով»,-հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Զրույցից հետո Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքի էջում տեղադրեց ինֆորմացիա, որտեղ հայտնում է.

«Այս տարվա հունվարը աչքի է ընկնում եղանակակլիմայական պայմանների մի շարք անոմալիաներով, որը առաջինը ազդում է մարդկանց առողջության վրա: Հունվարի 1-2-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետետության առանձին հատվածներում տեղաց այնքան ձյուն, որը կզմեց ամսեկան տեղումների նորմայի կրկնապատիկը: Այնուհետև հունվարի 3-4-ին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց Արարտյան դաշտում և Երևանի ցածրադիր հատվածներում հունվարի 4-ի գիշերը գրանցվեց -20…-24 աստիճան ցուրտ: Այնուհետև հունվարի 5-7-ին ջերմաստիճանը այնքան բարձրացավ, որ -24 աստիճան ցրտից հետո հունվարի 7-ին Արարատյան դաշտում և Երևանում տեղաց անձրև: Տաք եղանակը պահպանվեց մինչև հունվարի 14-ը, այդ օրը Կապանում գրանցվեց +18, Իջևանում +16, Արարատյան դաշտում մինչև +9 աստիճան տաքություն, որը նորմայից բարձր էր 7-9 աստիճանով: Անցած գիշեր ջերմաստիճանը կրկին նվազեց Աշոցքում հասնելով -21, Գավառում -16, Երևանում -3…-4: Հիմա նորից տաք օդի նոր ալիք: Հունվարի 17-ից օդային հոսանքները փչելու են հենց Իրաքի տարածքից, օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում բարձրանալու է 7-9 աստիճանով, Հունվարի 18-ին Տավուշի և Սյունիքի հովիտներում ակնկալվում է մինչև +16…+19 աստիճան տաքություն, Արարատյան դաշտում և Երևանում մինչև +10, այդ ջերմաստիճանը արդեն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք եղանակ: Հունվարի 19-ին մոտենում է հաջորդ ցիկլոնը, որը նույնպես տաք է, հովտային բոլոր շրջաններում կանխատեսվում է անձրև»,-նշել է Սուրենյանցը:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: