Էկզոտիկ զրույց կառավարությունում

Jan 17, 2016 1 Comment

Կառավարության նսիտում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջև բավական էկզոտիկ զրույց է ծավալվել:

Նախ Շաբոյանը զեկուցել է, որ ալյուրի գինը տարվա ընթացքում նվազել է մինչև 30 տոկոսով. << Իհարկե սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրը, ցորենը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, հետևաբար, ռուսական ռուբլու արժեզրկումը մեծ չափով ազդել է գների նվազման վրա: Այս երևույթը վերաբերում է նաև այլ ապրանքատեսակներին, մասնավորապես, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, որոնք նույնպես մեծ չափով ներկրվում են ՌԴ-ից: Հարկ է նաև նշել, որ տարվա ընթացքում հայկական դրամի փոխարժեքը որոշակիորեն արժեզրկվել է մոտ 4 տոկոսով՝ տարեվերջին հասնելով 485-486 դրամի: Բնականաբար, դրամի արժեզրկումն իր հերթին գների վրա ազդում է բարձրացման ուղղությամբ: Պարոն վարչապետ, որպեսզի իմ ներկայացրած տեղեկատվությունը հետագայում տարակարծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա, այսօր առավոտյան ես հանձնարարել եմ, որպեսզի մեր ուսումնասիրության արդյունքները տեղադրվեն հանձնաժողովի ինտերնետային կայքում, որպեսզի հստակ երևա, թե մեր ուսումնասիրությունները կոնկրետ որ ապրանքներին և որ խանութներին են վերաբերում», -նշել է Արտակ Շաբոյանը: Անդրադառնալով 30 տոկոս ալյուրի գների իջեցմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչու դրան զուգահեռ հացի գինը չի իջնում: Ի պատասխան Շաբոյանը տեղեկացրել է, որ հացի գինը նույնպես նվազել է տարվա ընթացքում 10 տոկոսի չափով. «Հացի արտադրության ոլորտում կան հազարավոր տնտեսվարողներ, ամեն դեպքում դաշտը մրցակցային է և այս տեսանկյունից հակամրցակցային համաձայնություններ, կարծում ենք, որ չեն կարող այս ոլորտում լինել»,- ի պատասխան նշել է Շաբոյանը :«Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, մինչեւ մեկ տասնյակ խոշորներին ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ ինչու հավասարաչափ չեն իջեցվել հացի գները»,- հանձնարարել է   Հովիկ Աբրահամյանը:

Սա իրականում հուզվելու չափ հետաքրքիր զրույց է. իսկապես մենք ալյուրը   բերում ենք ՌԴ-ից: Ալյուրը էժանացել է 30, իսկ հացը 10 տոկոսով: Եթե դաշտը մրցակային է, ապա մոտավորապես նույն տոկոսային կետերով էլ պիտի հացի գինը իջներ: Բայց նման բան տեղի չի ունեցել՝ ինչո՞ւ: Երկու անհայտով հայկական հավասարումը  երկրի տնեսական մրցակցության թիվ մեկ պաշտպանն ու տնտեսության գլխավոր պատասխանատուն, փաստորեն, չեն կարողանում գտնել:

Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ գների կայունությունը ոչ էե ՏՄՊՊՀ, այլ Կենտրոնական բանկի խնդիրն է: Կենտրանական բանկը ևս հարցի պատասխանը չունի. սա փաստ է: Փոխարենը բիզնեսն ամենուր ունի իր պարզ կանոնները, կամ մենք գործ ունենք այդ կանոնների  կամ էլ էկզոտիկայի հետ: Մնում է հասկանալ՝ ովքեր են Հովիկ Աբրահամյանի ասած խոշոր արտադրողները, ում գործունեությունը պետք է ուսումնասիրել: Հատկանշական մի փաստ էլ՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ վերջին տարվա  ընթացքում հացի սպառման ծավալները ՀՀ-ում նվազել են: Սա, ի դեպ, կարող է դիտվել գնի վրա ազդող լուրջ գործոն:

 

Դավիթ  Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Էկզոտիկ զրույց կառավարությունում” հրապարակմանը

  1. Սերգեյ says:

    իրականում հացի գինը չի կարող նույն տոկոսով իջնել, որովհետև հացի արտադրության մեջ բացի ալյուրից օգտագործվում են նաև այլ ռեսուրսներ և կատարվում բազմաթիվ այլ ծախսեր: Նույն տոկոսային կետով հացի գինը կիջներ միայն այն դեպքում երբ հացի ինքնարժեքը 100% բախկացած լիներ ալյուրից:
    Շաբոյանի ակնարկը առ այն, որ հացի շուկան մրցակցային է որովհետև գործում են հազարավոր սուբյեկտներ միանշանակ ճիշտ է: նման շուկաններում գները ինքնուրույն կարգավորվում են, քանի որ բացառվում է որևե սուբյեկտի միակողմանի ազդեցությունը (շուկայի գների վրա միակողմանի կարող են ազդել միայն գերիշխող դիրք ունեցողները): իսկ քանի որ հացի շուկայում գերիշխոող դիրք ունեցող սուբյեկտներ չկան, մնում է հակամրցակցային համաձայնությամբ պահպանել բարձր գները, որը հնարավոր չէ 1000 տնտեսավարող սուբյեկտների միջը:
    Պարոն վարչապետը այդքանը չի հասկանում կամ փորձում է սիրաշահել ժողովուրդին, իսկ դուք գոնե հասկացեք նոր գրեք: