Իշխանությունն՝ ինքը տեռորիստական խումբ է. Աշոտ Մանուչարյանը բացահայտում է

Jan 15, 2016 Comments Off on Իշխանությունն՝ ինքը տեռորիստական խումբ է. Աշոտ Մանուչարյանը բացահայտում է

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ  հրատապ հրավիրված ասուլիսին անդրադարձավ Նորք-Մարաշում վնասազերծված խմբին անդամակցելու մեղադրանքով «Տիգրան Մեծ» ջոկատի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանի և «Հայրենիք և պատիվ» կուսակցության  նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալություններին:

«Վերջին խայտառակությունը այդ հայտնի խումբն է և դրա հետ կապված ձերբակալությունները: Նախ շատ արագ հայտնի դարձավ, որ խումբը գտնվում է անվտանգության մարմինների վերահսկողության ներքո, որը արդեն իսկ տարօրինակ է»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանը զարմանք է հայտնում , քանի որ, նրա խոսքով, տպավորությունը այնպիսին է, որ երկրի ղեկավարությունը կատարել է երկու գործողություն.«Մեկը խայտառակ վիճակի է հասցրել երկիրը և երկրորդը հասարակության մեջ արտանետել է մի խումբ, որը սադրանքով է զբաղված: Ենթադրենք, թե խումբը բոլորովին արդար նպատակներով ցանկացել է իշխանափոխության գնալ: Չէ որ իշխանությունը կրկնակի հանցագործություն է կատարում: Իշխանությունն ինքը տեռորիստական խումբ է: Մարտի 1-ին գնդակահարեց ժողովրդին: Հիմա էլ քշում է ժողովրդին իր երկրից: Մարտի 1-ով ոչ մեկը կալանավորված չէ: Ցանկացած ուժային գործողություն այս իշխանության դեմ՝ արդարացված է,-ընդգծեց Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանը մեջբերում անելով`հիշեցրեց, որ Նաիրի Հունանյանը խոսել էր ողջ քաղաքական էլիտայի հետ՝հոկտեմբերի 27-ից առաջ և շատերը իրենց դիտարկումները փոխանցել էին նրան: Սակայն Սերժ Սարգսյանը ոչ մեկին դատի առաջ չկանգնեցրեց Հունանյանին ուղորդելու համար:

«Այն դեպքում, երբ հոկտեմբերի 27-ին կար կատարված ոճրագործություն: Ես կարծում եմ, որ դա կատարվում է արտաքին թելադրանքի ներքո: Սա էլ կարող ենք համարել հերթական   կալանավորումներից մեկը, սակայն պետք է հաշվի առնենք գերվտանգավոր վիճակը, քանի որ Հայաստանը կանգնած է պայթունավտանգ ցնցումների մեջ»,-ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը:

Աշոտ Մանուչարյանը գտել է ելքը. «Մեզ պետք է ժողովրդի մաքսիմալ կոնսոլիդացիա»:

Անդրադառնալով երկրի նախագահին Մանուչարյանը նշեց.«Նա մի մարդ է, որը հայտնվել է արտաքին կառավարումների ազդեցության ներքո: Սակայն նրա կողմից իրականացվող այս ձերբակալությունները ավելի են ավելացնում լարվածությունը երկրում»:

Մանուչարյան զայրացած է, քանի որ այսօր կատարված ձերբակալությունները չափից դուրս է համարում. «Խաչիկ Ավետիսյանը և Վլադիմիր Առաքելյանը ազնվագույն մարդիկ են, որոնք պատերազմի ժամանակ սխրագործություններ են արել: Գառնիկ Մարգարյանին էլ ճանաչում եմ 20 տարի և նշում եմ, որ նա արդարության համար պայքարող գործիչ է»:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: