Արտահերթ ընտրություններ Սյունիքում, Լոռիում և Տավուշում

Jan 15, 2016 Comments Off on Արտահերթ ընտրություններ Սյունիքում, Լոռիում և Տավուշում

 

 

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխված տարբերակը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 9-ից: Դրանով հանրապետության մարզերում դեռևս նախորդ տարվանից սկսված համայնքների խոշորացման քաղաքականթյունը մտնում է գործնական փուլ:

Հայելի.ամ-ը նախկինում առիթներ ունեցել է անդրադառնալու այս հարցին: Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման արդյունքում փոքր համայնքները միավորվում են մեկ վարչատարածքային միավորի մեջ՝ ստեղծելով մեկ խոշոր համայնք: Խոշորացումը տեղերում դժգոհություններ էր առաջ բերել, սակայն կառավարությունը ամեն դեպքում իր սկսած քաղաքականությունից հետ չի կանգնում: Համայնքների խոշորացման առաջին ծիծեռնակները կդառնա Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերը:

Առաջիկայում Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման արտահերթ  ընտրություններ: Համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության 2016 թվականի առաջին նիստի օրակարգում: Նույն որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվում է  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները:

Ինչպես նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տաթև համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր՝ Տաթև համայնքի:

 

Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների միավորումից ստեղծվել է Դիլիջան համայնքը: Իսկ Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վերակազմակերպվել  և այսուհետ կրելու են Թումանյան անվանումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխված տարբերակը ուժի մեջ մտնելուց հետո՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը, նոր ձևավորված համայնքներում, կառավարության որոշմամբ, նշանակվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները: Քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 9-ին, ապա նոր ձևավորված համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները պետք է նշանակվեն 2016 թվականի փետրվարի 14-ին:

Այսպիսով՝ Սյունիքում 9 համայնք միավորվել են մեկ համայնքի ներքո, Տավուշում և Լոռիում իրար են միացել 7-ական համայնքներ: Փաստորեն, իշխանությունը իրեն հավատարմորեն ծառայած և ընտրությունների ժամանակ ցանկալի տոկոսներ ապահոված գյուղապետերին որոշել է թողնել բորդյուրին: Կոնկրետ դեպքում, փաստորեն, 21 համայնքապետի փոխարեն՝ իշխանությունը գերադասում է պահել 3 համայնքապետ: Ինչպես ասում են՝ թվերն ամեն ինչի մասին խոսում են: Ինչպես ասում են՝ սա միայն սկիզբն է՝ կարելի միայն պատկերացնել, թե ՀՀԿ-ական քանի՜-քանի գյուղապետեր կարող են հայտնվել խաղից դուրս վիճակում:

 

Դավիթ  Մանուկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: