Հայրենասիրության ու գավառամտության արանքում

Jan 13, 2016 Comments Off on Հայրենասիրության ու գավառամտության արանքում

Այն, որ Հայաստանի օլիգարխիայի համար վերջին տարիներին լավագույն հանգստավայրեր են դարձել ոչ թե հայրենիքի գողտրիկ անկյուններն, այլ դուբայների, Արաբական էմիրությունների որեւէ էկզոտիկ վայրերը, կամ էլ եվրոպական առավել քաղաքակրթված օջախներ, որեւէ մեկիս համար նորություն չէ, սա նույնիսկ նորաձեւ է դարձել,դեռ ավելին՝ <<արտոնյալների>> այս խավում մրցակցությունը հիմա ոչ թե նրանում է, թե ով առավել հեքիաթային վայրում գտնվեց ու շարքային մահկանացուներիս համար անպատկերացնելի հաճույքներից օգտվեց,այլ նրանում, թե հայ որ օլիգարխը աշխարհի որ անկյունում այդիսի դրախտավայր ձեռքբերեց ու ով մյուսներին ինչով կարող է զարմացնել: Հասկանալի է նաեւ, որ նման հաճույքներից իրենց հեռու չեն պահում օլիգարխիայից մի քանի պակաս որոշ քաղաքական-հասարակական եւ անգամ ընդդիմադիր այրեր: Բայց որ բանը կհասներ նրան, որ մեր քաղաքական գործիչներն իրենց զավակների հարսանյաց արարողությունները կհասցնեին Դուբայ, հեռու հայկական եկեղեցուց, որտեղ Աստծո տաճարում դարերով հաստատված ավանդույթի ուժով ու հայեցի դաստիարակության թելադրանքով հայ օջախի նորապսակները պետք է <<տեր>> ու <<հնազանդություն>> հայտնեն մեկմեկու,ամենավառ երեւակայություններում էլ չէին պատկերացնի: Առավել եւս անհավատալի է թվում այսօր համացանցում սփռված տեղեկությունն այն մասին, որ հենց այսօր Դուբայում իրեն Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր առաջնորդ հռչակած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բբաղդասարյանի որդու հարսանիքն է տեղի ունեցել: Իր հայրենիքը սիրող, Հայաստանի համար մեռնելու պատրաստ, օրենքի ու օրինաց Հայաստան կառուցող Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահանը ամուսնացել է Բելաջիո ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ: Նրանց նշանադրությունը հունիսին էր: Սա հենց այն տղան է, որ հանրությանն առավել հայտնի է կեղծ համարանիշերով մեքենայով երթևեկելու սկանդալային պատմությունից: Տեղեկություններ կան, որ զույգն իր հարսանիքը նախատեսել էր Երևանում անցկացնել, բայց, չափազանց «հայրենասիրական» նկրտումներից ելնելով, կանգ առան Դուբայում անցկացնելու տարբերակի վրա եւ այն էլ բաց ծովում՝ նավի վրա: Բաղդասարյանի ապագա հարսիկը նավի վրա մեծ ու շատ շքեղ փարթի է անցկացրել, որին մասնակցելու համար Երևանից Դուբայ է տարել իր ընկերուհիներին՝ կրկին էլիտար խավից: Համաձայնեք, որ իրենց նման ճոխություններ ու հաճույքներ թույլ տվող հանրույթի համար հայկական եկեղեցում պսակադրությունը գավառամտության պես մի բան է թվացել: Ու եթե այս ամենին գումարենք, որ հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, ապա Արթուրը Բաղդասարյանը բոլոր իրավունքներն ուներ հասնել ու Դուբայ եւ շեյխական հաճույքներ վայելեր՝ թքած ունենալով կեղծ բարեպաշտության վրա, որով, սակայն, հանրության աչքին թոզ է փորձում փչել Արթուր Բաղդասարյանը: Ի վերջո, նա ոչնչով չի տարբերվում Հայաստանի հղփացած օլիգարխիայից, եթե չասենք գերազանցեց բոլորին: Իսկ եթե երկրիդ ընդդիմադիր հռչակված առաջնորդն է նման արժեհամակարգ կերտում կամ հավատարիմ այդ արժեհամակարգին, կնշանակի, որ ամեն ինչ կորած է: Միայն թե, սա այն դեպքը չէ, քանի որ մի քանի անգամ տարած հետ բերած, ԱԽՔ խարանը ճակատին Արթուր Բաղդասարյանի Հայաստանում այսօր հաշված մարդիկ են որպես քաղաքական դերակատար ընդունում, մեծ մասը նրան վաղուց ուղարկել է քաղաքական աղբանոց:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: