Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ

Jan 11, 2016 Comments Off on Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ

Այսօր՝ հունվարի11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Jeep մակնիշի 05 ՏՍ 841 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս մինչ շտապ օգնության ժամանումը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև դի տեղափոխող բրիգադը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: