Գևորգ Սաֆարյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում. «Նոր Հայաստան»

Jan 04, 2016 Comments Off on Գևորգ Սաֆարյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում. «Նոր Հայաստան»

2016թ. հունվարի 1-ին ձերբակալված քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի կյանքին վտանգ է սպառնում: Նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

«Ամենայն հավանականությամբ՝ այսօր՝ հունվարի 3-ին, Գևորգ Սաֆարյանին կալանավորելու են: Հիմնավոր մտավախություններ կան, որ Գևորգին մեկուսարանում նորից տանելու են քրեականների մոտ, որպեսզի այս անգամ արդեն հաշվեհարդար տեսնեն նրա հետ:

Պետք է նկատի ունենալ, որ Գևորգը տարիներ շարունակ պայքարել է անօրինականության դեմ, ուստի դեմ է դուրս եկել օլիգարխների և այլ քրեականների շահերին, ինչը հիմք է բանտում գտնվող նրանց կողմնակիցների համար, որպեսզի Գևորգի նկատմամբ բռնություններ գործադրեն:

Գևորգ Սաֆարյանն, ըստ էության. ավելի իրական և լուրջ իրավունքի պաշտպան է, քան դատախազներն ու ոստիկանները: Նա, փաստորեն, հանրային հարթության մեջ քրեական ուժերի դեմ պայքարող առաջամարտիկ է, ուստի իրավապահպան համակարգի ծառայողներից ոչ պակաս ենթակա է քրեականների կողմից բռնության վտանգի և, ըստ այդմ՝ իրավունք ունի նրանց կարգավիճակին համապատասխան մեկուսարանում, օրինակ՝ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում կամ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի «զրոներ» կոչվող խցերում, գտնվելու:

Գևորգ Սաֆարյանի կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, եթե այս ահազանգը հաշվի չառնեն և նրան տեղավորեն քրեականների հետ համատեղ խցում: Եթե նման որոշում կայացվի, ուրեմն վարչախումբը դիտավորյալ կերպով սպառնալիք է ստեղծում Գևորգի կյանքի և առողջության համար:

Բացի այդ՝ ինչպես արդեն նշեցի, հիմնավոր կասկածներ են առաջանում, որ վարչախումբը Գևորգ Սաֆարյանին կեղծ մեղադրանքով ձերբակալելու և կալանավորելու նախապես մշակված պլան ունի, որի բաղադրիչներից մեկն էլ նրա նկատմամբ քրեականների ձեռքով հաշվեհարդար տեսնելն է»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունվարի 1-ին ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին, որն Ամանորի գիշերը 3 այլ ակտիվիստի հետ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: