«Մի օր գավառական աստղերի ծնունդն ենք նայում, մի օր՝ կնունքը. ոչ պրոֆեսիոնալների մի ամբողջ համակարգ է ստեղծվել մեր երկրում»

Հուլ 01, 2012 Չի մեկնաբանվել

Հունիսի 29-ին «Հայելի» ակումբում բանավիճում էին գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ու բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը: Բանավեճի թեման՝ «Նախագահի հանձնարարականը՝ եթերային քաղաքականությունը փոխելու վերաբերյալ. դեմ և կողմ»: Ներկայացնում ենք բանավեճից մի հատված.

Հ. Շահումյան.-Ես նախապես ասեմ, Մարինե ջան, որ ես դեմ եմ բոլոր տեսակի սահմանափակումներին, բայց աշխարհում չկա որևէ միջավայր, որը որոշակի օրենքների և որոշակի սահմանափակումների մեջ չլինի, առավել ևս՝ պետական և հասարակական այնպիսի միջոցը, ինչպիսին հեռուստատեսությունն է: Խնդիրն այստեղ այն չէ, թե ա՞յս հաղորդումը լինի, թե՞ այն: Այստեղ խոսքը որակի մասին է: Օրինակ՝ Ձեզ դու՞ր է գալիս, որ հորջորջված գավառական աստղերի մի օր ծնունդն ենք նայում, մի օր կնունքը, մի օր սիրեկանի կամ ամուսնու ծոցում ենք նայում, մի օր չգիտես որ հաղորդման մեջ ենք նայում…
Մ. Պետրոսյան.-Դուր չի գալիս, առանձնապես չեմ էլ նայում, բայց պտկերացնում եմ մոտավորապես՝ ինչ եք ասում, բայց եթե Դուք ասում եք՝ դուր չի գալիս և դիմում եմ նախագահին, նախագահը դիմում է Հանրային խորհրդին, դա ընդամենը…
Հ. Շահումյան.-Մի րոպե…
Մ. Պետրոսյան.-Դուք արդյու՞նք եք ուզում…
Հ. Շահումյան.-Մի րոպե, պատասխանեմ՝ մեր երկրում, ցավոք, այնպես է եղել, որ օրենքը չի գործում, դրա համար օրենքի հիմնական գարանտը նախագահն է, դրա համար մարդիկ դիմել են նախագահին, դրանում ես վատ բան չեմ տեսնում: Ուրիշ հարց է, թե ընթացքն ինչպես կգնա…
Մ. Պետրոսյան.-Մի րոպե, դիմել եք նախագահին, միապետությու՞ն է Հայաստանը…
Հ. Շահումյան.-Իմ ձայնը Ձերինից բարձր է, մի՛ բղավեք…
Մ. Պետրոսյան.-Հայաստանը միապետությու՞ն է, թե՞ հանրապետություն:
Հ. Շահումյան.-Տիկի՛ն, թույլ տվեք… Կապ չունի՝ անունն ինչ է, իմ երկիրն է, ես սովետի ժամանակ էլ էի ասում՝ իմ երկիրն է… Ես երբեք կուսակցական չեմ եղել…
Մ. Պետրոսյան.-Կուսակցականի հարցը չէ, Ձեր երկրի տեսակի հարցն է…
Հ. Շահումյան.-Սա էլ է իմ երկիրը, ես ուզում եմ՝ շտկվի այդ երկիրը, չեմ կարողանում, դրա համար…
Մ. Պետրոսյան.-Որովհետև սխալ ձևով եք փորձում, դրա համար էլ չեք կարողանում: Նախագահին նամակ եք գրում, ուզում եք՝ երկիրը շտկվի՞:
Հ. Շահումյան.-Ես չե՛մ գրել, ինձ մի՛ խառնիր գրողների հետ, ես կուզեի մասնակից լինեի, որովհետև, այո, ես մտահոգված եմ, բայց թե Դուք ի՛նչ եք տեսնում տակը… Մեր ամբողջ միջավայրը քաղաքականացված է, և երևի Ձեր տագնապն էլ է արդարացված, որովհետև որևէ ասպարեզ չկա, որ ուզում ես շտկել, չփչացնել: Այդպես է դարձել, որովհետև ոչ պրոֆեսիոնալների ամբողջ համակարգ է ստեղծվել մեր երկրում՝ թատրոնում բժիշկն է խաղում, հեռուստասեսությամբ չգիտես ո՛վ է դասախոսություն կարդում մի բանի մասին, որ ինքը տեղյակ չէ և այլն:
Ա. Թ. (hayeli.am).-Պրն Շահումյան, բայց եթե ի սկզբանե հարցը սխալ է դրված, ի վերջո՝ հո մի մարդը չի՞ որոշելու, պիտի համակարգ լինի, հստակ օրենքներ լինեն, մեխանիզմ գործի…
Հ. Շահումյան.-Հարգելի՛ Անժելա, մենք հազար անգամ փորձել ենք միջամտել, մտավորականությունն արտահայտվել է և՛ հեռուստատեսությամբ, և՛ մամուլում. ո՞վ է բանի տեղ դրել, դնող չկա, մարդիկ դիմել են… Ես հիմա չգիտեմ՝ տակը ինչ կա, կամ ով է դրդել, բայց որ այդ ասպարեզը պետք է հիմնովին փոխվի, պետք է ամեն մարդ իր տեղում լինի… Մի քանի կազմակերպություն կա, չէ՞, այդ անտեր հեռուստատեսության հետ կապված. ո՞վ է տնօրինում, ի՞նչ պատասխանատվություն են կրում: Ես փող եմ տալիս, ուզում եմ լավ ապրանք ստանալ, «Հանրայինից» գոնե կարո՞ղ եմ պահանջել:
Մ. Պետրոսյան.-Ես կարծում եմ՝ ամենամեծ խնդիրն այն է… Ես հավատում եմ, որ Դուք անկեղծ ուզում եք ինչ-որ բան փոխել, բայց դրա համար ինչ-որ հստակ բաներ է պետք հասկանալ և ոչ թե գնալ, ինչ-որ բարոյախոսություն, հայրենասիրություն… Ինչ-որ բառեր, որոնք ամեն ինչ լղոզում են,և ոչինչ չես հասկանում: Ես կոնկրետ բան եմ ասում՝ մարդիկ նամակ են գրել նախագահին, նախագահը ցուցում է տվել Հանրային խորհրդին, և որովհետև մենք գիտենք՝ ովքեր են Հանրային խորհրդի…
Հ. Շահումյան.-Ի՞նչ ցուցում է տվել, որ քննարկվի՛ հարցը, ոչ թե ասել է՝ վերցրու, շրջանակներ դիր:
Մ. Պետրոսյան.-Ես չասացի՝ վատ ցուցում է տվել… Այդ մարդիկ, որոնք նստած են Հանրային խորհրդում, մինչև հիմա մենք տեսել ենք, այս ձևով չի կարող լուծվել որևէ բան… Բա եթե Դուք դա նախօրոք գիտեք, ինչու՞ եք եկել և ոգևորված ասում՝ լավ է, լավ է, լավ է: Գիտե՞ք ինչ, ավելի լավ է՝ հարցը չբարձրացնել, բարձրացնել այն ձևով, այն ժամանակ, երբ դա կլուծվի, քան թե անընդհատ դու աղմուկ բարձրացնես…
Հ. Շահումյան.-Ես հակառակ կարծիքն ունեմ. եկող սերունդը, որը վաղը-մյուս օրն այս երկրի տերը պիտի լինի, որն ամեն օր լքում է երկիրը, այդ երկրի հետ վարվելիքն ինձ համար ավելի կարևոր է, քան թե ինչ-որ մեկի իրավունքը կտրելը, ավելացնելը կամ պակասեցնելը: Եկող սերնդի ճակատագրի համար է իմ մտահոգությունը, երբ որ հեռուստալրագրողը հայտարարեց, ասաց՝ իմ երեխաները չգիտեն այդ սերիալները, ես թույլ չեմ տալիս տանը հայկական ալիքներ միացնել, ես հասկացա, թե ինչքա՛ն վատ է վիճակը, որ այդ մարդը, աշխատելով հեռուստատեսությունում, ինքն իր երեխաներին թույլ չի տալիս…

Բանավեճ, Լուրեր
Անդրադարձներ չկան to “«Մի օր գավառական աստղերի ծնունդն ենք նայում, մի օր՝ կնունքը. ոչ պրոֆեսիոնալների մի ամբողջ համակարգ է ստեղծվել մեր երկրում»”

Մեկնաբանել