Հայաստանը՝ եվրասիական անորոշությունների ճահճում

Սեպ 16, 2013 Չի մեկնաբանվել

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Թվիթերի իր միկրոբլոգում երեկ գրել է. «Համաձայնվեցինք Միրոսլավ Լայչաքի՝ Սլովակիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի ու եվրոպական հարցերի նախարարի հետ, որ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն այլեւս դուրս է գալիս օրակարգից: Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ»:

Ահա, եւ վերջ: Թեեւ ՀՀ իշխանությունները անվերջ կրկնում են, թե մենք չենք ասել, թե չենք ստորագրելու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, եվրոպացիները իրենց որոշումն ունեն: Թե ինչ հիմա կհայտարարեն իշխող հանրապետականները Կարլ Բիլդտի նշած նորությունից հետո՝ էական չէ:

Էականն այն է, որ մերոնք, չպատճառաբանված համառությամբ՝ հայտնվելով անելանելի դրության մեջ, իրականում իրենց իսկ ձեռքով խաբված, հայտնվել են պարտադրված իրավիճակում՝ Մոսկվայի առջեւ:

Երեկ ռուսաստանյան գործակալությունները փոխանցում էին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ փոխվարչապետների հետ խորհրդաժողովի մասին տեղեկատվությունը: Դրա ընթացքում Մեդվեդեւը ողջունել է Մաքսային միության մեջ մտնելու եւ հետագայում Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը:

Ռուսաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Մեդվեդեւը հայտարարել է, որ իրենք ի սկզբանե ընդգծել են, որ այդ նախագիծը բաց է իրենց գործընկերների համար, ինչն առաջին հերթին առնչվում է ԱՊՀ-ի գծով գործընկերներին. «Մենք, անկասկած, աջակցում ենք մեր հայ գործընկերների այդ որոշմանը: Մենք շատ սերտ տնտեսական կապեր ունենք Հայաստանի հետ՝ էլ չխոսած քաղաքական եւ այլ շփումների մասին: Իրականացվում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր: Բնականաբար Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար կբացի հավելյալ հնարավորություններ: Բայց, քանի որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության երկրների հետ, անհրաժեշտ է իրագործել հատուկ միջոցների համալիր»:

Թե ինչ «հնարավորությունների» մասին է, այդ  մասին անգամ Ռուսաստանում չգիտեն: Ուկրաինայի հարցը՝ Եվրասիական միությանը անդամակցելու առումով, հարցական է, անգամ Բելառուսի հետ ՌԴ-ն խնդիրներ ունի։ Եւ այս պայմաններում խոսել այդ կառույցից սպասվող «հնարավորությունների» մասին՝ ուղղակի ծիծաղելի է:

Մոսկվային մնում է աշխատել՝ քարոզչական դաշտում, ինչն էլ անում են:

Ռուսաստանի կառավարության եւ եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները բանակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչպես ձեւավորել Մաքսային միության կազմում Հայաստանի ներառման գործընթացը, այս մասին երեկ հայտնել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրավիրած հանդիպմանը:

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունենալու կառավարությունների ղեկավարների մակարդակով բարձրագույն տնտեսական խորհրդի հանդիպումը, որտեղ Մաքսային միությունում Հայաստանի ներառման վերաբերյալ մասնակից երկրների ներկայացուցիչների նախնական համաձայնության դեպքում կարող է զեկույց պատրաստվել երեք երկրների նախագահների համար: Դիրքորոշումների համաձայնեցման դեպքում հոկտեմբերին պետությունների ղեկավարների մակարդակով բարձրագույն տնտեսական խորհրդին կտրվեն եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան ցուցումները՝ Հայաստանի հետ կոնկրետ բանակցությունների անցնելու համար՝ ասել է Շուվալովը:

«Այժմ արդեն հասկանալի է, որ դա կլինի բարդ աշխատանք: Դա միացումն է Մաքսային միության մաքսային օրենսգրքին, միասնական սակագնին, մեր ֆիտոսանիտարական նորմերին եւ տեխնիկական կարգավորման վերաբերյալ պարտավորությունների ընդունմանը: Դա որոշակի ժամանակ կպահանջի»,- ասել է Շուվալովը:

Չի կարելի նախանձել Սերժ Սարգսյանին: Հայաստանի գրեթե ողջ կառավարությունը չորս տարի բանակցել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, համաձայնեցվել ու համապատասխանեցվել են բազմաթիվ պահանջներ եվրոպացի գործընկերների հետ, իսկ հիմա Մոսկվան Հայաստանով, սկսում է եվրասիական ինտեգրման գործընթացը «հունի» մեջ գցել, փաստաթղթային տեսք տալ․․․

Մի կողմից ռուսները ամեն ինչ նոր ես սկսում, բայց արդեն գիտեն, թե Հայաստանի համար դա ինչ «հնարավորությունների» դուռ է բացում:

Եվրոպական գործող միասնական շուկան՝ իր իրական հնարավորություններով թողած՝ Սերժ Սարգսյանը Հայաստանը գցեց եվրասիական անորոշությունների ճահիճը:

Էդիտա Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Հայաստանը՝ եվրասիական անորոշությունների ճահճում”

Մեկնաբանել