«Էդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը». Նիկոլ Փաշինյան

Feb 12, 2019 Comments Off on «Էդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը». Նիկոլ Փաշինյան

«Հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունեցել Չենք ուզում լինել կառավարություն, որը բաժանարար գծեր է քաշել մարդկանց մեջ, կառավարությունը լցրել է իրենց մարդկանցով: Եվ այսօր մենք գտնվում ենք 10 տոկոս նոր պաշտոնյաների և 90 տոկոս հին պաշտոնյաների փոխազդեցության միջավայրում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը և փոորձում է ազդել մյուս կողմի պատկերացումների վրա: Երբեմն շատ դժվար է նախկին համակարգին դիմադրելը»,-այսօր ԱԺ ամբիոնից, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քաղաքական գործունեության ընթացքում իմ տեքստերը ես ինքս եմ գրել, նախքան վարչապետ լինելս չի եղել մի դեպք, երբ ինչ-որ մեկն աշխատեր իմ տեքստերի վրա: Վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, երբ ինձ համար գրում են տեքստեր, որովհետև ես չեմ կարողանում այդքան տեքստերը գրել: Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստը կարդում եմ և այդ տեքստերի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ես զարմանում եմ՝ լավ, մարդիկ, որ այս տեքստը գրել են, քաղաքական փոոփոխությունը չեն նկատե՞լ: Սերժ Սարգսյանին տրվող նույն տեքստը բերում ու տալիս են ինձ այս հանդիպումից մեկ կամ կես ժամ առաջ: Այս միջավայրում ենք մենք գործում: Ես ասում եմ սա որպես վատ բան, ոչ էլ լավ բան, ես ասում եմ սա որպես օբյեկտիվ իրականություն: Այո, մենք շատ դեպքերում ազդել ենք պետական պաշտոնյանի վարքագծի վրա: Այսօր ՀՀ վարչապետի կորտեժը փոքրացել է և կարմիր լույսի տակ կանգնում է»,- ասաց նա:

« Ինձ մոտ մտնող բոլոր մարդկանց խիստ ստուգման են ենթարկում: Դա անում են, որպեսզի վարչապետի կաբինետ նվերներ չտարվեն: Շատերը դա ուղղակի կապում են իմ անվտանգության հետ: Բայց ես ուզում եմ ձեզ ուղիղ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա: Մարդիկ գալիս են, սկզբում գալիս է գիրք, հետո ոսկեղեն, թանկարժեք ինչ-որ բաները, կուլոնները, մատանիները, խաչերը, ականջօղերը: Հնարավոր չէ կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս մարդիկ այդքան խիստ հսկողություն չեն անցնում, որքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Խնդրելով, աղաչելով, համոզելով, չես կարա անընդհատ մարդկանց վիրավորես, ասես՝ վեկալ նվերդ, այստեղից գնա: Նրանցից մեկը պոտենցիալ ներդրող է, ո՞նց կարելի է վիրավորելով դուրս վռնդես»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: