Սասուն Միքայելյանը` ԵԿՄ նախագահի թեկնածու
«Երկրապահ կամավորականների միությունն» այսօր հավաք է հրավիրել՝ արտահերթ համագումար հրավիրելու նպատակով։ Հավաքին մասնակցել են ԵԿՄ անդամները, ազատամարտիկները, տարածքային, մարզային կառույցների անդամները։
Միության լրավական ծառայությունից հայտնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, ասել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:
Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ է արել համախմբվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Ս. Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նման վստահության իրեն արժանացնելու համար: