Իսկ որտե՞ղ են հրաժարականները․ Նիկոլ Փաշինյանը մանևրում է

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

Ամանորի պարգևատրումների սկանդալը սահուն կերպով մարում է։ Հեղափոխական իշխանությունը կարծես թե բավարարվեց գերբարձր պարգևատրվածներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին եվ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հանդիպման հրավիրելով, և այդքանով հարցը փակվեց։

Ի դեպ, այս կարգի շքեղություն էր իրեն թույլ տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ինչպես նաև մյուս մարզպետները: Իշխանությունը, ստեղծված իրավիճակից որպես ելք, որոշեց ընդունել պարգևավճարների բաշխման հատուկ կարգ, որի նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման։ Համաձայն նոր կարգի՝ պարգևատրման առավելագույն չափ է սահմանվում դրույքաչափի 200 տոկոսը։ Մշակվող կարգի դրույթների դրական և բացասական կողմերին թերևս արժի առանձին անդրադառնալ։ Մինչ այդ, սակայն, արժի ամեն դեպքում հարցնել՝ ինչո՞ւ այդ ակնհայտ ֆինանսական վատնման համար նշված պաշտոնյաները հրաժարական չներկայացրին։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ժամանակ հայտարարում էր, որ իշխանության տերն այսուհետ ժողովուրդն է, և ժողովուրդն է որոշելու՝ ով լինի իշխանություն, ով լինի վարչապետ կամ նախարար։ Հանրային այն մեծ ընդվզումն ու դժգոհությունը, որ արտահայտվեց ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, ինչո՞ւ որևէ ազդեցություն չունեցան, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չպահանջեցին, որ, օրինակ, Դավիթ Անանյանն ու Գարիկ Սարգսյանը հրաժարական ներկայացնեն։

Սոցիալական արդարությունից և ժողովրդի իշխանությունից պոպուլիստական ճառեր ասող Փաշինյանը գոնե 5000-ական դրամ ամանորյա պարգևատրում չտվեց երկրի թոշակառուներին, նպաստառուներին, սերնդի կրթությամբ զբաղվող 43 հազար մանկավարժներին՝ պատճառաբանելով, թե պետական բյուջեում փող չկա։ Բայց երբ բանը հասավ ընդամենը երկու-երեք ամիս առաջ պաշտոնի նշանակված հեղափոխական պաշտոնյաներին, այդ գումարները գտնվեցին։ Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը՝ նախ փորձեց մանևրել ու լղոզել՝ ասելով, թե պարգևատրումները աշխատավարձի մաս են կազմում, հետո էլ արդարացավ, թե պետական համակարգում նորմալ մասնագետներ պահելու համար պարգևատրումներ պետք է անպայման լինեն։ Անշուշտ պետք է լինեն․ սա անվիճելի է։ Իսկ ո՞վ է ասել, որ լավ մանկավարժին պարգևատրելու կաիրք չկա, որպեսզի նա չհեռանա դպրոցից։ Իսկ ի՞նչ անի առաջին գիծ պահող սպան, եթե նրան պետությունը Նոր տարվա կապակցությամբ ընդամենը 20-50 հազար դրամ պարգևատրում է տվել․ նա պետք է լքի՞ պոստը։
Խոշոր հաշվով, խնդիրը գումարի չափը չէ, ոչ էլ պարգևավճար տալ-չտալը․ անպայման պետք է տալ՝ սրանում կասկած չկա։ Բայց կա բարոյական մոտեցման և արժեքների վերաիմաստավորման խնդիր, որը՝ որպես գաղափար, ի սկզբանե դրված էր հեղափոխության հիմքում։ Ի վերջո, երբ առաջնագծում կանգնած սպան անգամ կրկնակի աշխատավարձի չափով պարգևատրում չի ստանում, ՊԵԿ նախագահի կամ ֆինանսների նախարարի քարտուրաղուհուն 2 մլն դրամից ավելի պարգևատրում տալը առնվազն անբարոյականություն է՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով։ Էլ չենք խոսում ֆինանսական ոլորտի պաշտոնյաների 5-9 մլն դրամի հասնող պարգևատրումների մասին։ Եվ երբ արդարության ու ժողովրդավարության ալիքի վրա իշխանության եկած, բարձր լեգիտիմություն ունացած վարչապետը աչք է փակում այս ամենի վրա, մեզ մնում է արձանագրել, որ հիմա արդեն եկել է հեղափոխության արժեքներից հրաժարվելու ժամանակը։ Եվ այդ գործընթացը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, այլապես նրանք անպատիժ չէին մնա։

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Իսկ որտե՞ղ են հրաժարականները․ Նիկոլ Փաշինյանը մանևրում է”

Մեկնաբանել