Կախարդական փայտիկ չունեն, իսկ ի՞նչ ունեն

Feb 11, 2019 Comments Off on Կախարդական փայտիկ չունեն, իսկ ի՞նչ ունեն

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը համամիտ չէ դիտարկմանը, թե կառավարության ծրագիրը «բաժակաճառերի ծրագիր է»։ «Սկզբունքորեն համաձայն չեմ, ովքեր այդպիսի որակումներ են տալիս, կարծում եմ, բավականաչափ ուշադիր չեն կարդացել ծրագիրը», – նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրում երկու կարևոր ցուցանիշ կա։ «Կառավարությունը հայտարարել էր, որ տնտեսական աճի շարժիչը կամ ուղղորդողը լինլու է ապրանքի արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքները արտերկրյա շուկաներում իրացնելու հնարավորությունը։ Ունենք 38 տոկոսի չափ արտահանում, հայտարարվել է, որ դրանց կշիռը կհասնի 43 տոկոսի», – նշել է նա՝ հավելելով, որ մյուս կարևոր ցուցանիշը ներդրումների զուտ աճն է։ «Այդ ցուցանիշը 2023 թվականին պետք է հասնի 23-25 տոկոս մակարդակի»,- ասել է  նախարարը։

Նա համոզմունք է հայտնել, թե իրեց ցանկությունն է, որ ապահովվեն այնպիսի պայմաններ, որ տնտեսական աճը լինի էապես բարձր։ «Բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք, իսկ հիմքը ներդրումներն են, եթե կառավարությանը հաջողվի, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դա տեղի ունենա, ապա վստահ եղեք, որ մենք խոսելու ենք ավելի բարձր աճի մասին»,- ասել է Տ. Խաչատրյանը և հավելել, թե կառավարությունն այդ մեծ խաղի կարևոր կազմակերպիչն ու մասնակիցն է ու պարտավոր է անել այնպես, որ տնտեսվարող սուբյեկտների նախագծերը կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ճիշտ նշանակետին է խփել՝ հիմքը ներդրումներն են, իսկ կառավարությունն ընդամենը կազմակերպիչն է։ Ամբողջ խնդիրն էլ հենց ներդրումներն են, որոնք փաստացի չկան կամ շատ քիչ են։ Առանց ներդրումների չկա տնտեսության զարգացում, չկա բիզնես զարգացում, չեն կարող ստեղծվել  աշխատատեղեր։ Իսկ ինչո՞ւ չկան ներդրումներ․ սա շատ կարևոր հարց է, որին պետք է պատասխանի կառավարությունը։ Մինչև հեղափոխությունը կար ընդհանուր մտայնություն, թե Հայաստանում չկան ներդրումներ, որովհետև երկրում շատ մեծ ծավալի հասնող կոռուպցիա կա, որովհետև Հայաստանում, առանց լուրջ հովանավորչության, հնարավոր չէ բիզնես հիմնել, և վերջապես 50/50-ի հայտնի սպառնալիքը։ Հիմա, եթե հավատանք վարչապետին ու կառավարությանը, չկա կոռուպցիա․ այդ ցուցանիշը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հավատացնում, զրո է, չկա հովանավորչություն, չկա 50/50։ Հրաշալի է, իսկ որտե՞ղ են ներդրումները։ Պարզվում է՝ դրանք նույնպես չկան։ Հետևաբար հնարավոր չէ չհարցնել՝ մի գուցե կոռուպցիան չի՞ վերացել, կամ էլ այն ժամանակ էլ դրա մասին պատկերացումները գերագնահատված էին։ Գուցե պետք է ազնիվ լինել ու ասել, որ ներդրումների բացակայության պատճառը ոչ այնքան և ոչ միայն կոռումպացված իշխանություններն էին, այլ գուցե, օրինակ, շուկայի փոքրությունը, մեր երկրի շրջափակված լինելը։ Թերևս պետռք է նաև ազնիվ լինել ու խոստովանել, որ, ինչպես նախկինները, այնպես էլ ներկա իշխանությունը կախարդական փայտիկ չունի, և անկախ վարչապետի կամ նախարարի անձից՝ առաջիկա տարիներին  մեր տնտեսությունում թռիչքային զարգացում չի լինելու, աղքատությունն ու գործազրկությունն էլ շատ քիչ են նվազելու։

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: