Ընդդիմության կռիվը Ռուսաստանին ծառայելու համար

Jan 18, 2019 Comments Off on Ընդդիմության կռիվը Ռուսաստանին ծառայելու համար

Էդմոն Մարուքյանի եւ Գագիկ Ծառուկյանի թիմակիցների առճակատումը չի թուլանում: Խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ նոր լույս սփռվեց այդ պայքարին: Ինչպես հայտնի է, ԱԺ-ում ստեղծվում է նոր հանձնաժողով՝ Տարածաշրջանային եւ ԵԱՏՄ հարցերով զբաղվող, որի նախագահության հայտ է ներկայացվել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ Լուսավոր Հայաստանը նույնպես ԵԱՏՄ հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու մասին էր հայտարարել: Քննարկման ընթացքում Մարուքյանի կուսակից Անի Սամսոնյանը Մելքումյանին հարց տալիս հիշեցրեց, որ իրենք ԲՀԿ-ից առաջ էին նման հանձնաժողով ստեղծելու առաջարկ արել։ Մելքումյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իրենք դեռ երկար ժամանակ առաջ էին խոսում նման ինտեգրացիոն հանձնաժողովի մասին։ Մելքումյանը մատնանշեց նաև այն առավելությունները, որ իրենք ունեն, և այն առավելությունը, որ իրենց խմբակցությանը հնարավորություն է տալիս ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ կապեր Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների խորհրդարանականների հետ։

Ինչ վերաբերում է այն բանին, որ ինքը խոսել էր ռուսական խորհրդարանական «Եդինայա Ռոսիա» խմբակցության հետ կապերի մասին, նա ասաց, որ հանձնաժողովի աշխատանքը չի պայմանավորում միայն Ռուսաստանի, առավել ևս՝ միայն այդ կուսակցության հետ։ Նա վստահ է, որ աշխատանքը կարող են իրականացնել նաև մյուս խմբակցությունների ու պետությունների խորհրդարանների հետ։

Օրենսդիրների այս երկխոսությունից միայն նողկանք կարելի է ապրել: Ինքնիշխան պետության պատգամավորները բացահայտ վիճում են, թե նրանցից որ մեկն է ավելի շուտ առաջարկել նման հանձնաժողով ստեղծել, ասել է թե՝ զբաղվել Ռուսաստանի եւ նրա կողմից ստեղծված կառույցի խնդիրներով: Եթե ԲՀԿ-ի դեպքում որոշակիորեն հասկանալի է, այդ ուժը ստեղծման օրվանից ակնհայտ ռուսամետ քաղաքականության կողմնակիցն է եղել, ապա անհասկանալի է մնում մինչեւ վերջերս արեւմտամետության ջատագով ներկայացող Լուսավոր Հայաստանի դիրքորոշումը: Այս խորհրդանշական բանավեճը այլ բան ցույց չի տալիս, քան այն, որ ՀՀ ընդդիմությունը նույնպես հասկացել է, որ ընդիմության տանող միակ ճանապարհը Ռուսաստանն է, հիմա խորհրդարան անցած երկու ուժերը մրցապայքարի մեջ են, թե ով կկարողանա ստանալ Ռուսաստանի աջակցությունը՝ իր հեռահար նպատակներով: Նոր Հայաստանի խորհրդարանն այնքան ապաքաղաքական է, որ պատգամավորները չեն խորշում արծարծել նաեւ այնպիսի թեմաներ, որոնք ուղղակիորեն հարվածում են ՀՀ պետականության հիմքերին: Օրինակ միասնական ռուբլու գոտուն անցնելու մասին հարցին Մելքումյանը փորձում էր ցրողական պատասխան տալ, բայց ի վերջո, հընթացս ասաց այն, ինչ ուզում էր: «Էս փուլում ես դեմ եմ, որ մենք անցնենք միասնական արժույթի, որովհետև միասնական արժույթի անցնելն իր հերթին բերում է որոշակի խնդիրներ: Երբ էմիսիա իրականացնողը դու չես, էմիսիոն խնդիր կա», – ասաց նա հավելելով՝ այլ բան է, որ որոշակի հաշվարկների դեպքում (գազ և այլն) առևտուրը կարելի է իրականացնել ռուսական ռուբլով, բայց այս փուլում միասնական արժույթի անցնելը ռիսկային է։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: