«Անհարմար», «անկանխատեսելի» գործընկերն ու «փորձված» հները

Jan 11, 2019 Comments Off on «Անհարմար», «անկանխատեսելի» գործընկերն ու «փորձված» հները

Ռուսաստանյան «Коммерсант» պարբերականի հունվարի 9-ի համարում հոդված է հրապարակվել, որտեղ հեղինակը վերլուծել է, թե ինչպես է Ռուսաստանը հարաբերությունները կառուցելու իր մոտ հարևանների հետ 2019 թվականին:

Ըստ aysor.am-ի՝ հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը գտնում է, որ 2019 թ-ին Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ռուսաստանի հարաբերություններում երաշխավորված կլինեն նոր սկանդալներ:

Այսպես, հոդվածագիրը նշում է, որ մայիսին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը խլել է իր նախորդից՝ Սերժ Սարգսյանից, զբաղեցնելով նրա տեղը: «Քաղաքական գործչի դաշնակիցը, որը նախկինում Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում չուներ՝ դարձավ փողոցը: Դրա աջակցությամբ պարոն Փաշինյանը հասավ նրան, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվեց իր մարդը, նաև անցկացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որում մեծ առավելություն գրանցեց մրցակիցների նկատմամբ»:

Ապա հոդվածում հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «Թավշյա հեղափոխությունը» ամբողջ աշխարհին ստիպեց քարտեզի վրա փնտրել այդ երկիրը և պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում: «Առանց արյունի իշխանափոխությունը բարձր է գնահատվել է Արևմուտքի կողմից: Ամերիկյան Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին շնորհել է «Ժողովրդավարության խաչակիր» կոչումը, իսկ բրիտանական The Economist- ը Հայաստանն անվանել է տարվա երկիր, կրկին ժողովրդավարության առաջընթացի համար:

Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանը դարձել է 2018 թվականի գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, չնայած առանց որևէ կոչման: Իհարկե, ժողովրդավարությունը դրա հետ կապ չունի: Ռուսական իշխանությունները զգուշորեն հետևել են հայկական հեղափոխությանը և նրա առաջնորդին: Եվ գրեթե առաջին անգամ ժամանակակից պատմության մեջ Մոսկվայի պաշտոնական արձագանքը, որը միշտ բացասական է ընկալում ցանկացած բողոքական շարժում իր տարածքում կամ հարևանների մոտ, անշուշտ չեզոք էր, եթե ոչ բարյացակամ:

Հեղինակը հիշեցնում է. «Մենք հավատարիմ ենք երկու երկրների ժողովուրդների շահերից բխող բազմակողմ փոխշահավետ ռուս-հայկական համագործակցությանը և դաշնակցային համագործակցության ամրապնդման ու զարգացման համատեղ աշխատանքների շարունակմանը», – հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունը հայտնվել է ճգնաժամի շրջադարձային շրջանում. Նիկոլ Փաշինյանը՝ հենվելով իրեն երկրպագող փողոցի վրա, հալածում էր հին ռեժիմը: Այն բանից հետո, երբ նա հասել է վարչապետական աշխատասենյակ՝ Մոսկվայի համար սկսվել են տհաճ անակնկալներ: Նոր իշխանությունը նախաձեռնել է հետաքննություն 2008թ. մարտին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ Երևանում ընդդիմության հանրահավաքը (նրա կազմակերպիչներից մեկը` Նիկոլ Փաշինյանը), ցրելու ժամանակ մարդիկ էին սպանվել: Մեղադրանքներ են ներկայացվել Կրեմլի համար ոչ խորթ ֆիգուրների՝ Հայաստանի նախկին նախագահ և Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Ռոբերտ Քոչարյանին և այդ ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Վերջինս 2008 թվականին Երևանի կայազորի հրամանատարն էր:

Նշվում է, որ հետաքննությունը հանգեցրել է լուրջ առճակատման Ռուսաստանի հետ. Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետապնդումը համարել է որպես դիտավորյալ հարված` դաշինքի իմիջին: Բայց Նիկոլ Փաշինյանը կիրառել է մարտավարություն, որը փորձարկվել էր իշխանության համար պայքարում, այն է` ոչ մի քայլ հետ: Պարոն Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացնելուց հետո նա պահանջել է, որ նրա փոխարեն պաշտոնում նշանակվի Երևանի մեկ այլ ներկայացուցիչ: Դա ընդլայնել է հակամարտության մասնակիցների շրջանակը: Բելառուսը հայտարարել է թափուր տեղ զբաղեցնելու իր իրավունքի մասին և ստացել է բոլորի աջակցությունը, բացի Հայաստանից: Զիջել չցանկացող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հաշվի առնելով մեր անվտանգությունը՝ պետք է հասկանալ, կարող ենք կազմակերպությանը լուրջ ընդունել, թե ոչ»:

Այնուհետև հոդվածում հիշեցնում են, որ կադրային հարցը լուծել չի ստացվել նույնիսկ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո: «Անկախ նրանից, թե ինչով էլ ավարտվի 2019-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման պատմությունը՝ Մոսկվայի համար պարոն Փաշինյանը վերջնականապես ստացել է անհարմար գործընկերոջ կերպարը, որից կարելի է ամեն ինչ սպասել: Անհանգստացնում է Հայաստանում ձևավորվող մասնավոր իշխանության ռեժիմը, քանի որ, ի տարբերություն Ալեքսանդր Լուկաշենկոյի կամ Նուրսուլթան Նազարբաևի՝ Փաշինյանն անկանխատեսելի է», – ՀՀ վարչապետին այդպես է բնութագրել ռուս մի պաշտոնյա՝ պարբերականի հետ զրույցում: Բարդ հարաբերությունների ապացույց է դարձել Նիկոլ Փաշինյանի ամենավատ քաղաքական թշնամի Ռոբերտ Քոչարյանին Պուտինի կողմից ուղարկված Ամանորի շնորհավորանքը: Ռուսաստանի ղեկավարը ձերբակալված հայ նախկին նախագահին մաղթել է «առողջություն և ոգու տոկունություն»:

Ահա, ընդհանուր առմամբ ռուսաստանյան պարբերականում արտացոլվել են այն տրամադրությունները, որոնք առկա են Փաշինյանի իշխանության նկատմամբ: Ռուսաստանում՝ ՀԱՊԿ-ական, ԵԱՏՄ-ական «ակումբներում», իսկապես, Հայաստանի նոր իշխանությունը, կարծես, մեկուսացած լինի, Փաշինյանը առայժմ չի համարվում «մերոնքական», ավելին՝ նա անկանխատեսելի է այնպիսի գործընկերների համար, որոնք սովոր չեն փոփոխությունների, սովոր չեն «փողոցից» իշխանության եկածներին ղեկավար համարել:

Ամեն դեպքում, 2019-ին Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջնվելու, որպեսզի դաշնակիցների հետ հարաբերությունները բերի գոնե սովորական գործընկերային մակարդակի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: