Հին մեսիջ Էրդողանին՝ Նոր Հայաստանից

Dec 12, 2018 Comments Off on Հին մեսիջ Էրդողանին՝ Նոր Հայաստանից

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանների, երեկ արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններ հաստատել՝ առանց որևէ նախապայմանների, և հուսով է, որ Թուրքիան նույնպիսի դիրքորոշում կունենա։ «Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Նկատի ունեմ Ադրբեջանը»,- նշել է Փաշինյանը։

Այսպես, Փաշինյանն արձանագրում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ, այն, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների:

Սպասել, որպեսզի Թուրքիան նույն դիրքորոշումն ունենա՝ միամտություն է: Անկարան բազմիցս ասել է, թե որն է պայմանը՝ ղարաբաղյան խնդրի ադրբեջանանպաստ լուծումը:

Հիմա, Փաշինյանը պարզապես ներկայացրել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը չի տարբերվում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, թեև նախորդ իշխանությունը լրջորեն փորձեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, բայց Հայաստան-Թուրքիա արձանագրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին՝ Թուրքիայի բռնած դիրքորոշման պատճառով:

Այժմ, Թուրքիան կարող է արձագանքել, կարող է նաև չարձագանքել Փաշինյանի դիրքորոշմանը: Եթե արձագանքի՝ պարտադիր դրանում կլինեն Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված ու «եղբայրական Ադրբեջանի» հետ անսասան հարաբերությունների մասին հայտնի հայտարարություններ։

Բայց Փաշինյանի կառավարությունը բացի հրապարակային հայտարարություններից կարող է որոշակի տարբերություն մտցնել, օրինակ՝ Թուրքիայի հետ ոչ պաշտոնական շփումների հաստատման տեսանկյունից: Հայաստան-Թուրքիա արձանագրությունների տապալումից հետո՝ ակնհայտ է, որ գոնե հասարակական սեկտորի մակարդակով, ոչ դիվանագիտական հարաբերությունների մակարդակներում բոլոր խողովակները փակ են:

Այս առումով՝ քաղաքականության տարբերություն կգրանցվի՞ Երևանի և Անկարայի մոտեցումներում, ցույց կտա ժամանակը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: