Երեք նախագահների մոտիվացիաները (տեսանյութ)

Dec 11, 2018 Comments Off on Երեք նախագահների մոտիվացիաները (տեսանյութ)

Արդեն հայտնի է, որ ՀՀ ընտրողների կեսից ավելին չի մասնակցել քվեարկությանը: Չմասնակցողները երկու հիմնական «մեսիջ»տվեցին՝

1. չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց մասնակիցների մեջ չեն տեսնում նրան այլընտրանք,

2. պահանջում են քաղաքական նոր ուժ:

Հետաքրքիր էր հետևել, թե ի՞նչ վարքագիծ են ցուցաբերելու ՀՀ նախկին նախագահները և ո՞ր խմբում են նրանք հայտնվելու՝ քվեարկողների՞, թե՞ չքվեարկողների:

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանըհայտնվեցին քվեարկությանը մասնակցած 48,63 տոկոսի մեջ, իսկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չմասնակցած 51,37 տոկոսի մեջ:

Քվեարկությանը մասնակցած Սերժ Սարգսյանի մոտիվացիան հասկանալի է: Թեև նա անձամբ չէր ընդգրկված ցուցակում ու հրապարակավ չէր մասնակցում քարոզչությանը, սակայն նա ՀՀԿ առաջնորդն է և չէր կարող ընտրատեղամաս չգնալ: Կստացվեր, որ ՀՀԿ-ին ձայն չի տալիս այդ կուսակցության նախագահը, ինչը չէր հասկացվի: Այդ առումով Սարգսյանը, կարելի է ասել, ստիպված է գնացել ընտրատեղամաս, քանզի հրաժարականից հետո հրապարակային դաշտից հեռացել է և իրեն հարմարավետ է զգում այդ ռեժիմով:

ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, չի հաղթահարել անցողիկ շեմը: ՀՀԿ-ի խորհրդարան չանցնելը նշանակում է Սերժ Սարգսյանի «դարաշրջանի» ավարտի, այսպես ասած, փաստաթղթային ամրագրում:

Հասկանալի է նաև Ռոբերտ Քոչարյանի մոտիվացիան՝ չմասնակցել քվեարկությանը: 2-րդ նախագահն ապօրինի է համարում իր կալանավորումը և չի ընդունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Քոչարյանը քաղաքական որոշմամբ է հայտնվել անազատության մեջ և քվեարկությանը չմասնակցելով՝ նա ցույց է տվել, որ մերժում է նոր իշխանությանը և կիսում է այն քաղաքացիների տեսակետը, որոնք յուրօրինակ ձևով բողոք են հայտնել ու Փաշինյանին այլընտրանք չտեսնելով 11 ուժերի մեջ՝ չեն գնացել քվեարկության:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ընտրությանը մասնակցել է զուտ որպես շարքային քաղաքացի, քանզի անհասկանալի է նրա քաղաքական մոտիվացիան որպես նախկին նախագահ, որը ֆորմալ գրանցում ունեցող կուսակցության ղեկավար է: Անհասկանալի, թե ո՞ւմ օգտին է քվեարկել նա, քանզի Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցում ընտրությանը:

Փաշինյանի նկատմամբ զուտ մարդկայնորեն Տեր-Պետրոսյանը հակակրանք ունի, ես կասեի՝ քաղաքական խանդ: Այլ հարց է, որ քաղաքական ու աշխարհայացքային առումով երկուսն էլ նույն միջավայրին են պատկանում:

Որպես քաղաքական գործիչ Փաշինյանի արժեհամակարգը ձևավորվել է տերպետրոսյանական կոդերի ազդեցության տակ և՛ Ղարաբաղի հարցում, և՛ ներքաղաքական պատկերացումներում: Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը քվեարկել է «Իմ քայլի» օգտին, բայց դա, կրկնենք, ենթադրություն է:

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր ընտրողներին իրենց ձայնը տալ Հայ ազգային կոնգրեսին, իսկ եթե ոչ, ապա քվեարկել ՀՀԿ-ի օգտին: ՀԱԿ-ն այս ընտրություններին չէր մասնակցում, բայց ՀՀԿ-ն ցուցակում կար: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին: Ամեն ինչ էլ հնարավոր է:

Մեկ բան հստակ է, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական կյանքից հեռացել է և հիմա պետք է ընդամենը հույս ունենա, որ ներքաղաքական գործընթացները չեն բերի 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված հանցագործությունների վերաբացմանը:

Եվ այսպես, երեք նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն է հրապարակավ վերցրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժող դրոշակը և հիմա նա բանտում է: Մյուս երկու նախագահները հանձնվել են: Մեկը հայտարարել է, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Իսկ Տեր-Պետրոսյանը սկզբում ներքուստ չի ողջունել «թավշյա» գործընթացները, իսկ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ստիպված փորձել է ինտեգրվել «հեղափոխականներին», բայց մերժվել է:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: