Խմբագրությունը ոստիկանների համար ջրի ճամփա չէ

Nov 23, 2018 Comments Off on Խմբագրությունը ոստիկանների համար ջրի ճամփա չէ

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այսօր առավոտյան այցելել են Аysor.am կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրել են տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:

Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.am կայքին, այլև մամուլի ասուլիս է հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:

Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում: Բայց քանի որ ոստիկանությունն այդ տեսանյութը որոշել է պահանջել խմբագրությունից, կայքի գլխավոր խմբագիրը նրանց է փոխանցել ասուլիսի տեսագրությունը, որը հրապարակված է նաև Aysor.am-ում: Ասել կուզի, քիչ թե շատ գրագետ մոտեցում ցուցաբերելու պարագայում ոստիկանությունը շատ հանգիստ, առանց խմբագրություն ներխուժելու, կարող էր համացանցում գտնել իրեն հետաքրքրող տեսանյութը: Ասել, թե ոստիկաններն այնքան միամիտ կամ տգետ են, որ չէին կարող Սիլվա Համբարձումյանի տեսանյութը գտնել,  կնշանակի լրջորեն թերագնահատել ոստիկանությանը: Սիլվա Համբարձումյանի հարցազրույցի տեսագրությունն ընդամենը պատրվակ է եղել: Բուն խնդիրը լրատվամիջոցներին նախազգուշական մեսիջներ փոխանցելն է եղել:

Ընդամենը 6 ամսվա կենսագրության ընթացքում նախկին լրագրող և գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն արդեն երկրորդ անգամ իրեն թույլ է տալիս ներխուժել խմբագրություն և խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Առաջին անգամ իրավապահները մտել էին yerevan.today-ի խմբագրություն և առգրավել համակարգիչներ, որոնք, ի դեպ, առ այսօր չեն վերադարաձվել: Այն ժամանակ էլ ԱԱԾ-ն էր հատուկ գործողություններ իրականացրել՝ պատճառաբանելով, թե խմբագրությունն առաջինն է հրապարակել ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի ձայնագրությունը: Հերթն այս անգամ հասել է Aysor.am-ին, ընդ որում, դա արվել է բավականին անհեթեթ հիմնավորմամբ:

Առաջին հայացքից՝ իշխանությունը փորձում է բռի մեջ հավաքել լրատվամիջոցներին, և պետք է ասել, որ առաջին երկու փորձը հաջող անցավ: Ոստիկանությունը գոնե պարտավոր էր Aysor.am-ից ներողություևն խնդրել անհարկի անհանգստություն պատճառելու համար, որովհետև ասուլիսի տեսագրությունը հրապարակված էր, և ցանկացած ոք, այդ թվում նաև ոստիկանները այն կարող էին ստանալ հրապարակային աղբյուրներից: Վերջին հաշվով լրատվամիջոցը չորրորդ իշխանություն է, և իշխանության մյուս թևերի ներկայացուցիչները պարտավոր են հիշել, որ խմբագրությունն ու լրագրողը իրավունք ունեն նաև չհրապարակել սեփական ինֆորմացիայի աղբյուրը, եթե չկա համապատասխան դատարանի որոշում: Ասել է թե՝ խմբագրությունը ամենևին էլ պարտավոր չէ ոստիկանին փոխանցել իր ունեցած ողջ տեղեկատվական բազան: Իրավապահների հաճախակի այցելությունը խմբագրություններ երբեք ու երբեք չի կարող խթանել ազատ խոսքի իրավունքը: Եթե անգամ այդ այցերից հետո իրավական որևէ հետևանք չի մնում, ապա ներքին ճնշվածությունն ու հոգեբանական ընկճվածությունը այդ դեպքերում անխուսափելի են: Իսկ ընկճված լրագրողը չի կարող համարձակ ու ազատ հանրային կարծիք ներկայացնել:

 

Կարինե Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: