Զգուշացեք.ՔՊ-ում «արջեր» կան

Nov 14, 2018 Comments Off on Զգուշացեք.ՔՊ-ում «արջեր» կան

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կաշվից դուրս են գալիս՝ համոզելու, որ իրենց նախընտրական ցուցակը չի հիասթափեցնելու հանրությանը: Ալեն Սիմոնյանը երաշխավորում է, որ իրենց մոտ չի գործելու ծանոթ-բարեկամ-խնամի սկզբունքը.«Ցուցակը էնպես չի լինելու, որ դուք հիասթափվեք, և խնամի-ծանոթ-բարեկամ տրամաբանությունից դրդրված որևիցե որոշում չի կայացվել։ Մենք, ամենայն հավանականությամբ, եթե ունենանք էլ ինչ-որ մարդիկ, որոնց կարելի է հեռու ձևով կապել, նրանք լինելու են ռեյտինգային ցուցակում»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝«ինչ-որ մարդիկ» ասելով նկատի ունենալով ՀՀԿ-ի տասովչիկներին, որոնք նախորդ ընտրություններին աշխատել են ՀՀԿ-ի համար: Ալեն Սիմոնյանի վստահեցմամբ իրենց ցուցակը ձեւավորվել է աննախադեպ սիրո եւ համերաշխության մթնոլորտում․ «Ուրեմն ասեմ՝ եզակի դեպքերից է եղել, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սիրով և համերաշխությամբ, առանց իրար հետ վիճելու, առանց բղավելու և առանց բուռն քննարկումների ցուցակ է հաստատել։ Եվ ասեմ ավելին, ցուցակը կազմելուց հետո և վերջնական քննարկումից հետո չնչին փոփոխություններ է կրել։ Սա, նորից եմ ասում, եզակի դեպք է մեր կուսակցությունում»,-ասաց նա:

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ ՔՊ-ի ցուցակը կազմելիս սկզբունքները հստակ են եղել.«Պրոֆեսիոնալիզմը, քաղաքական անցած ճանապարհը, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները, հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու հնարավորությունները»:Արայիկ Հարությունյանը, սակայն, հրաժարվեց անդրադառնալ տեղեկություններին, որ ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր հեղափոխության օրերին քայլել են Փաշինյանի ու թիմի հետ:

Ինչպես նաեւ այն դիտարկմանը, թե այդ չափորոշիչներին համապատասխանում են արդյոք «Իմ քայլը» դաշինքի ցուցակով հայտնված ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ օրինակ Ազատություն ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, Ժողովուրդ օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, Հարությունյանը պատասխանեց միայն, որ մշտապես պրոցեսների մեջ եղած մարդիկ այդ ճանապարհն անցնում են: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ուսուցիչներն ու տնօրենները պարտավորություն չունեն ներգրավվելու ընտրական պրոցեսներին, և դա նույնպես կնպասի կրթության զրգացմանը, քանի որ, ըստ Հարությունյանի, այն ուսուցիչը, որ զբաղվել է ընտրակեղծարարությամբ, չի կարող քաղաքացի դաստիարակել։Այդուհանդերձ, սեփական թիմի մասին նման գովեստի խոսքեր շռայլելուց հետո Հարությունյանը չբացառեց, որ իրենց էլ կարող են արջի ծառայություններ մատուցել:

Ժամանակին ՀՀԿ-ի համար էին «արջերը » փրկօղակ հանդիսանում եւ որեւէ ընտրազեղծարար որակվում էր որպես արջ, որը ինքնակամ իր ծառայությունն է մատուցում տվյալ ուժին: Սակայն Հայաստանում քաղաքական նոր իրավիճակում այդ արջերն առաջինն են քաշվելու իրենց որջերը, եթե իհարկե, իրենց գրկաբաց ընդունողներ չկան: Իսկ լրատվամիջոցների տեղեկություններն այդ մասին չեն հուսադրում: Հակառակը ՔՊ-ն մարզերում որոշել է ապավինել նախորդ իշխանության թաղային հեղինակություններին, որոնք ընտրություններին անգնահատելի դերակատարում են ունեցել եւ նպաստել ՀՀԿ-ի վերարդատրությանը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: