«Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով». Հրաչ Բերբերյան

Nov 12, 2018 Comments Off on «Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով». Հրաչ Բերբերյան

«Այսօր կարտոֆլի մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է: Մինչև Երևան է հասնում՝ 200-220 դրամ է դառնում, մի հատ էլ ձյուն դրեց միանգամից գինը կբարձրանա, էլ չասած, որ գարնանը կարտոֆիլ հնարավոր կլինի գնել 300-350 դրամով, ոչ պակաս: Միսն էլ է թանկացել, քանի որ անասնագլխաքանակն է կրճատվել։ Հիմա շուկայում հայտնվել է բելառուսական միս, որը համեմատաբար էժան է, բայց համային առումով լավը չէ»,– այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով գյուղմթերքի շուկայում առկա գնաճին, ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ կարտոֆիլի գնաճի վրա ազդել է 3500 հեկտար ցանքատարածքների պակասելը:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ միսը թանկացել է, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազում է՝ երկու տարում կրճատվել է 80 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 15 տոկոսով նվազել է ոչխարի ու խոզի գլխաքանակը։ «Երկու տարում ամեն ինչ արվեց, որպեսզի հարված տան անասնապահությանը։ Կարծում եմ՝ սա միտումնավոր են անում, որովհետև մարդիկ ասում են, թե իրենք այնքան լավ ագրարային երկիր են, որ այժմ ցանկանում են դառնալ ինդուստրիալ. տո դուք ագրարային դարձեք, նոր մտածեք ինդուստրիալի մասին։ Խոշոր եղջերավորների քանակը վերականգնելու համար 5-7 տարի է անհրաժեշտ, քանի որ 80 հազարից 40 հազարը կթու կովեր են, ինչն ազդել է կաթի արժեքի վրա»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը :

Հրաչ Բերբերյանի կարծիքով, այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 %-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ: Չի թանկանա միայն բանանը:

Հ. Բերբերյանը կոչ է արել Կառավարությանը քաղաքական գործընթացներով տարվելով՝ չմոռանալ գյուղատնտեսության մասին:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: