«Գազպրոմ»-ի ներկայացուցչի սկանդալային բացահայտումները Հայաստանի խորհրդարանում

Nov 10, 2018 Comments Off on «Գազպրոմ»-ի ներկայացուցչի սկանդալային բացահայտումները Հայաստանի խորհրդարանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը խորհրդարանում մի քանի սկանդալային հայտարարություն է արել: Նա ասել է, որ եթե Հայաստանը որոշում կայացնի բնական գազ գնել Իրանից, ապա իրանական գազի գինը պետք է ավելի էժան լինի, քան ռուսական գազինը: Պատճառը, ըստ Թադևոսյանի, գազի որակն է: Իրանից ստացվող գազի ջերմատվությունը 1000 խոր. մետրին կազմում է 7900 կիլոկալորիա, իսկ ռուսականի դեպքում այն 8200-ից ցածր չէ: «Այսինքն՝ այն այրելիս ավելի շատ է ջերմություն ստեղծում: Ուստի, եթե ռուսական գազն արժե 1000 խոր. մետրի դիմաց 150 դոլար, ապա իրանականը, այլ հավասար պայմաններում, պետք է արժենա 135 դոլար, որպեսզի այն նույնպես ձեռնտու լինի»,- պարզաբանել է Թադեւոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին մատակարարվող գազի սպառողական գնի նվազմանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման կամ բարձրացման հարցին վերջնական պատասխան կտա միայն ռուսական կողմի հետ բանակցություններից հետո: «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը ասել է, որ ինքը դեմ է նվազեցնել գազի գինը՝ համակարգը քայքայելու հաշվին:

«Դեռ չեմ կարող ասել սակագինը կբարձրացվի, թե կիջեցվի, քանի դեռ քննարկումներ են ընթանում: Սակագինը կախված է ներկրման գնից և մարժայից: Այդ երկուսն էլ քննարկվում են,- նշել է Թադևոսյանը և շարունակել,- եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայելու, որպեսզի իջեցնենք սակագինը, ապա այդ մոտեցումը պետք է հասկանանք: Պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք»:

Ավելին՝ նա պնդել է, որ 2017-ի հունվարին, իջեցնելով գազի սակագինը, ընկերությունը 13.4 մլրդ դրամ գումար վերցրել է իրենց վրա. «Մենք դեռ չենք լուծել այն խնդիրը, որը վերցրել էինք մեզ վրա, ինչպե՞ս նոր իջեցում անենք: Մենք դեռ քննարկումների մեջ ենք հետագա գնի համար, թե ինչպիսին է գազի գինը, ինչպիսի մարժա ենք ուզում և ինչպիսի ծառայություն ենք ցանկանում ունենալ: Դրան համապատասխան էլ կունենանք գազի սակագին»,- նկատեց նա: Ընկերության գլխավոր տնօրենը բացառել է ներքին ծախսերի չարաշահումները: Իրենց ընկերության աշխատակիցների փաստացի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 336 000 դրամ: Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի ձեռքբերման պայմանագրին՝ նա նշեց, որ դրա բոլոր կետերն ի օգուտ Հայաստանի են:

Միաժամանակ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը հայտարարել է, որ գազի գործող սակագինն արդարացված է: «Արդարացված եմ համարում սակագինը: Բոլոր հաշվարկները, մեթոդները հանձնաժողովը համարում է հիմնավորված: Դրանք կատարվել են գործող մեթոդիկային և միջպետական համաձայնագրին համապատասխան»,- ասել է Սողոմոնյանը և հավելել, որ գազի գնի նվազեցման համար այս պահին որևէ ռեզերվ չի տեսնում:

Հիշեցնենք՝ միջպետական պայմանագրով 2018 թ. համար սահմանված է գործող սակագինը, ինչ վերաբերում է 2019-ին, ապա մինչև տարեվերջ պետք է «Գազպրոմը» հայտ ներկայացնի, որպեսզի հունվարի 1-ից սահմանվի նոր սակագին։ Այս պահին Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով:

Փաստացի «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը երկու կարևոր բացահայտում է արել՝ իրանական գազը եթե անգամ ավելի էժան էլ առաջարկվի, միևնույնն է, համարաժեք չէ ռուսականին, և երկրորդ՝ ժամանակին գազի սակագինը Հայաստանում իջեցվել է Կարեն Կարապետյանի իշխանությունն ամրապնդելու նպատակով: 2017 թվականի գազի  սակագնի նվազումը, որը, ինչպես նշել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը, ավելի քան 13 մլրդ վնաս է հասցրել ընկերությանը, ժամանակին մատուցվեց իբրև Կարեն Կարապետյանի կողմից արված քաղաքական քայլ: Դա 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմն էր, իսկ ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Կարեն Կարապետյանը: Արդեն 2018 թվականի քաղաքական իրադարձությունները փաստեցին, որ մշակված է եղել իշխանությունը Կարեն Կարապետյանին հանձնելու պլան, որը, սակայն, հայտնի պատճառներով չիրագործվեց:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: