ԵԿՄ-ի թվացյալ ուժը. ով եւ ինչու է ԵԿՄ-ն որպես «բոբո» ներկայացնում

Nov 02, 2018 Comments Off on ԵԿՄ-ի թվացյալ ուժը. ով եւ ինչու է ԵԿՄ-ն որպես «բոբո» ներկայացնում

ԵԿՄ արտահերթ համագումարը անժամկետ հետաձգվել է, կառույցը մնացել է առանց ղեկավար: Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ վարչությունը եւ տարածքային կառույցները այդ պաշտոնում առաջարկեցին առաջադրվել ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մինչեւ տեղի կունենար արտահերթ համագումարը եւ Զավենիչը կընտրվեր նախագահ, ազատամարտիկների որոշ խումբ կոչ-հորդորով դիմեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավար Սասուն Միքայելյանին, որպեսզի հենց նա առաջադրի իր թեկնածությունը:

Այդ պաշտոնին հավակնում է նաեւ Կոռնիձորի Արոն՝ Արա Խուդավերդյանը, սակայն համագումարն այդպես էլ չի կայանում: Խուդավերդյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այն անժամկետ սառեցվել է, տեղեկացրեց նաեւ, որ իր տեղեկությամբ ինքը միակ թեկնածուն է, որի առաջադրումը պաշտոնապես հաստատվել է. <<Ինչ-որ անորոշ բաներ են ասվում համագումարի մասին եւ չեմ կարող ասել՝ երբ կլինի այն>>:

-Դուք այնուամենայնիվ հետ չեք կանգնել եւ մտադիր եք դառնալ ԵԿՄ նախագահ: 

-Մեր ատամները սովոր են երկաթ կրծելու:

-Իսկ ինչու ԵԿՄ-ի շուրջ գործընթացներն այդպես զարգացան, սկզբում Արամ Սարգսյանի թեկնածությունը, հետո նաեւ Սասուն Միքայելյանինը օրակարգ բերվեց, նոր իշխանությունը հնի՞ ճանապարհով է ուզում շարժվել, ԵԿՄ-ն վերցնել իր ազդեցության տակ, ծառայեցնել քաղաքական գործընթացներին:

-Իսկզբանե, ես մի բան եմ ասել, վերջում ես Սերժ Ազատի Սարգսյանի հետ եմ մասնակցելու, քանի որ այս կառույցը անորոշ ուղեծրով է շարժվում եւ կարող է ամեն վայրկյան որոշումներ փոխի, քանի որ ինքը Հայաստանի ամենակոռումպացված եւ քաղաքականացված կառույցն է եղել, ինչպես ՀՀԿ-ն, ինչպես ուզի, այնպես էլ կանի: Իրենք սովոր են եղել վարչահրամայական ոճին: Իմ տեղեկություններով ես եմ միակ հաստատված թեկնածուն, մյուսները հաստատված չեն, թե իշխանությունը ինչ է ուզում անել, չեմ կարող ասել, թող օրը գա, կտեսնենք, երբ ենք այս քաղաքական ինտրիգներից, շոուներից դուրս գալիս, երբ ենք այս մանիպուլացիաներից պրծնում, ձիարշավարանից՝ էս լագերից  մյուս լագեր են տղերքը գնում, կաշի փոխում: Ի վերջո, Հայաստանը ի դեմս Նիկոլի պետք է կանգնի մի ստանդարտի վրա, որը հայ ժողովրդի միասնական կերպարը կարտահայտի, ոչ թե այսօր մեկը դաշնակ, մյուսը հնչակ , մուկն ու ձուկը խաղան, դավայ, մկան ծակին թուման տանք մտնենք, ԱԺ-ն պրավալ տան: Այս մանր մունր խաղերն արդեն չընկալվող երեւույթ են դարձել:

-Իսկ մինչեւ արտահերթ ընտրությունները ԵԿՄ համագումար չի լինի, որպեսզի ընտրություններին պարզ դառնա, թե այդ ռեսուրսը որ կողմն է ուղղվելու:

-Միանշանակ չի լինելու, որովհետեւ ամեն ինչ կապում են ԱԺ ընտրությունների հետ, ԵԿՄ-ականները երեւի թե գիտեք, թե ինչ ստատուսից են ուզում օգտվել, դրա համար էլ ասում էին, որ նա պետական այր է, կարող է, պետական մարմիններում է աշխատում:

-Նկատի ունեք Սասուն Միքայելյանին:

-Ոչ, ոչ, ինքը իմ լավ ընկերնա, ես ընդհանրապես եմ ասում, հետո Սասունը ոչ հա է ասել, ոչ չէ, ինքը կարող է պայքարի էլ չմտնի: Պարզապես որոշ մարդիկ իրենց քաղաքական կռիշ էին փնտրում եւ դրա համար Սասունին ներգրավվեցին այդ ամենի մեջ: Ի վերջո, քաղաքական կուսակցության վարչության նախագահը, որն ամբողջ հանրապետության ցավով է տառապում, բերել մի կառույցի վրա, որը թվացյալ մեծ է, բայց իրականում շատ միություններ կան՝ աղվանների միություն եւ այլն, պարզապես ՀՀԿ-ն էր երկրապահին որպես բոբո կիրառում:

-Այսինքն, ԵԿՄ ուժ չի՞ ներկայացնում եւ գալիք ընտրություններին չեն օգտագործի այդ ուժը:

-Քաղաքապետարանի ընտրությունը ցույց տվեց, որ երկրապահի վարկանիշը անկում է ապրել, անգամ կասեի զրոյական: Օրինակ Մխիթարյան Ռոմիկը պատերազմ անցած տղա, եթե ԵԿՄ-ի վարկանիշը բարձր լիներ, Մխիթարյան Ռոմիկի ձայները պետք է գերազանցեր բոլորին, երբ նայում ես արդյունքներին եւ շրջող լեգենդներին, լրիվ այլ իրականություն ես տեսնում: Ես երբեք չեմ ասել, որ այդ կառույցը գերհզոր կառույց է: Իհարկե մյուս միությունների կողքը նա քաշային առումով ծանր է, բայց երբ կա բանակը, նա շատ թեթեւ է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: