50 մլն դոլար՝ դեֆիցիտը փակելու համար

Oct 20, 2018 Comments Off on 50 մլն դոլար՝ դեֆիցիտը փակելու համար

 

Պետական բյուջեի դիֆիցիտի ֆիանանսավորման նպատակով կառավարությունը 50 մլն դոլարի վարկ է վերցնում:
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը՝ 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկը:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ՝ նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Պակասուրդի ընդհանուր գումարը, հիշեցնենք, մոտ 157 մլրդ դրամ է կազմում: Ուստի, ըստ կառավարության հիմնավորման, վարկային միջոցների ժամանակին ստացումը
կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Ասիական բանկի վարկային ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն բաղկացած է 2017թ. և 2018թ. համար առանձին ենթածրագրերից՝ համապատասխանաբար 40 մլն ԱՄՆ դոլար և 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
«Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը: Այն, մասնավորապես, ներառում է՝ Վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման գործելակերպի և քաղաքականության հզորացում, պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավում, ֆինանսական գործիքների բազայի և ներդրողների ընդլայնում և կորպորատիվ թափանցիկության ամրապնդում:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում սահմանված ժամկետներում վերը նշված ոլորտներում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը, որոնք արդեն իսկ ամբողջությամբ իրականացված են»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր, ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ստորագրումը կառավարությունը գտնում է նպատակահարմար:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: