Հունան Պողոսյանի դրամական միջոցները 19 անգամ գերազանցել են նրա տարեկան աշխատավարձը

Oct 16, 2018 Comments Off on Հունան Պողոսյանի դրամական միջոցները 19 անգամ գերազանցել են նրա տարեկան աշխատավարձը

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը այդ պաշտոնում է 2008թ.-ից: Նա ոստիկանապետի մյուս տեղակալների համեմատ ամենահարուստն է:

Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ստացել է 4 մլն 552 հազար 80 դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Բացի այդ, նրա հաշվին 2011-ի տարեսկզբին եղել է 75 մլն դրամ, տարեվերջին` 72 մլն: Անփոփոխ է մնացել միայն դոլարային դրամական միջոցը` 40 հազար:

Հ. Պողոսյանի կինը` Նունե Հովհաննիսյանը որեւէ եկամուտ չունի: Տարեսկզբին ունեցել է 10 հազար դոլար, իսկ տարեվերջին` 0:

Ոստիկանապետի տեղակալի հայրը` Հրաչ Պողոսյանը, նշված տարում դարձյալ որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվեհամարին տարվա սկզբին եղել է 140 միլիոն դրամ, որը տարավերջին 0 է դարձել: Անփոփոխ է մնացել արտարժույթով ունեցած գումարը` 100 հազար դոլար:

Հունան Պողոսյանի մայրը` Հեղինե Պողոսյանը կենսաթոշակառու է: Նրա տարեկան եկամուտը գոյացել է հենց ստացած կենսաթոշակից` 336 հազար դրամ: Սակայն նրա հաշվեհամարին եղել է 1 մլն 500 հազար դրամ եւ 5000 դոլար:

Հունան Պողոսյանի որդու` Հրաչյա Պողոսյանի միակ եկամուտը ստացած նվիրատվությունն է` 140 մլն դրամ: Նա այդ գումարով ձեռք է բերել հողամաս եւ բնակելի տուն: Հավանաբար Հրաչյայի նվիրը պապից է, քանի որ վերջինս ունեցել է նույնքան գումար 2011-ի տարեսկզբին, որը տարեվերջին զրոյական է դարձել:

Հրաչյա Պողոսյանն ունի նաեւ դրամական միջոցներ` 10 մլն դրամ եւ 24 հազար դոլար (տարեսկզբին` 25 հազար դոլար):

Ոստիկանապետի տեղակալի դուստրը նույնպես եկամուտ չի ստացել: Հեղինե Պողոսյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 10 հազար դոլար:

hetq.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: