Դատարանը երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը

Oct 15, 2018 Comments Off on Դատարանը երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս որոշման առնչությամբ հանդես է գալու հայտարարությամբ:

«Դիրքորոշման հետ կապված հոկտեմբերի 17-ին հայտարարությամբ եմ հանդես գալու: Նախնական կարծիքս սա է` անձը պատանդի կարգավիճակով գտնվում է կալանքի տակ»,- ասաց Բաղդասարյանը:

Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: