«Սասնա ծռերը» ընդդիմանո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին

Oct 15, 2018 Comments Off on «Սասնա ծռերը» ընդդիմանո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին

Ապրիլյան հեղափոխությունից և հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտը տրանսֆորմացվել է: Իշխանական ու ընդդիմադիր հատվածները միաժամանակ զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանը: Ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը:

Սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանը ծրագրում է ունենալ ամբողջությամբ գրպանային խորհրդարան, որտեղ ներկայացված ուժերը փաստացի ֆասադային ֆունկցիա կկատարեն և կլինեն «կառուցողական» կցորդներ: Վերջիններիս դերում հայտնվելու հայտ ներկայացնողները չեն էլ թաքցնում, որ գոհ ու երջանիկ կլինեն այդպիսի ճակատագրից («լուսավոր» Էդմոն Մարուքյանը «Շանթի» եթերում ուղիղ տեքստով ասաց այդ մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը հուշագիրը ստորագրելուց առաջ հավատարմության երդումներ էր տալիս Փաշինյանին):

Ընտրություններին ընդառաջ թափուր է մնացել ընդդիմադիր հակակշռի տեղը: Բայց, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում և այդ դատարկ տեղը, դատելով ամենից, փորձում է լցնել «Սասնա ծռեր»-ը:

Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սգո միտինգի ժամանակ ելույթ ունեցողներից Վարուժան Ավետիսյանը և Թամարա Հովհաննիսյանը շատ թափանցիկ քննադատական ակնկարկներ էին անում Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Ավետիսյանը դատապարտում էր փաշինյանական իշխանության ոչ վճռական լինելը և ակնկարկում էր նախորդ ռեժիմի դեմ մղվող անբավարար ու անարդյունավետ պայքարի մասին: Նա պահանջեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը և հույս հայտնեց, որ նախորդ իշխանությունները կանցնեն հայկական նյուրնբերգով:

Ինչ վերաբերում է Թամարա Հովհաննիսյանին, ապա նա քիչ էր մնում պահանջեր ներկայիս կառավարության ու վարչապետի հրաժարականը. խոսքի պաթոսն ու փիլիսոփայությունն էին այդպիսին:

Թե որքան կխորանա «ծռերի» այս հռետորաբանությունը, պարզ կդառնա առաջիկայում: Թույլ տանք մեզ ենթադրել, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան «ծռերի» հակադրությունը Փաշինյանի հետ կմեծանա: Զուտ մարտավարական առումով նրանք այս պահին չեն վիճարկում Փաշինյանի առաջնորդությունը և անվանական քննադատության չեն ենթարկում նրան, քանի որ դատական գործընթացներ կան, բայց իրականում «ծռերը» համարում են, որ տեղի ունեցած հեղափոխության գաղափարախոսն ու իրական առաջնորդը ոչ թե գործող վարչապետն է, այլ իրենք և, հետևաբար, իրենք էլ պետք է կառավարեն Հայաստանը: Այդ տեսակետը հատկապես չեն թաքցնում «ծռերի» շարքերն ու համակիրները սոցցանցերում:

«Ծռերը» քաղաքական դաշտում հանդես են գալիս որպես հայկական յակոբինականներ ու Փաշինյանին մեղադրում ներքին և արտաքին քաղաքական տարատեսակ թեմաներով:

Փաշինյանին մի կողմից ձեռնտու է ի դեմս «Սասնա ծռերի» ունենալ ընդդիմություն, քանզի հնարավորություն է ստեղծվում նրանց համեմատ ավելի պոլիտկոռեկտ երևալ, սակայն մյուս կողմից նա մտավախություն ունի, որ կարող է «ծռերի» ձեռքերով գնալ ֆրանսիական ժիրոնդիստների ճանապարհով: Ահա այսպիսի հետևանքների է հանգեցրել 81-տոկոսանոց ընտրական արդյունքների արձանագրումը: Եթե վակուում է ստեղծվում, ապա վակուումը լցնող միշտ էլ հայտնվում է:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ էր միշտ ձգտում փոշիացնել քաղաքական դաշտը և ունենալ գրպանային ուժեր, ինչի արդյունքում ստացավ 2016-ի ամռանը տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից: Հիմա նույն բանն է տեղի ունենում. «ծռերն» ակտիվանում են, քանի որ քաղաքական դաշտը գիտակցված փոշիացվել է:

Պետրոս Ալեքսանյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: