Նիկոլ Փաշինյանի առերեսումը վարչապետի հետ

Sep 14, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի առերեսումը վարչապետի հետ

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները գնալով ավելի դրամատիկ են դառնում: ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բացել է խաղաքարտերը և շատ բաց տեքստով հայտարարել, որ ինքը ստանձնում է երկրում ընթացող բոլոր գործընթացների քաղաքական պատասխանատվությունը: Նախ Փաշինյանի տոնն ու վարքագիծը ընդհանուր եզրեր չուներ նախորդ օրվա հանրահավաքում ունեցած նյարդային ու ջղաձիգ ելույթի հետ: Ազգային ժողովում Փաշինյանն առավել քան հավասարակշռված ու ադեկվատ ելույթ ունեցավ: Պարզաբանելով գաղտնալսված ձայնագրության մեջ արծարծավող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցին, Փաշինյանը խոստովանել է, որ այստեղ վճռական է եղել ՀԱՊԿ ղեկավար կազմի միջնորդությունը: Ըստ վարչապետի՝ այն պահին, երբ ՀՔԾ պետն իրեն ասել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, ինքն ասել է հետևյալը. «Մեր պայմանավորվածությունն ուժի մեջ է, ես իմ վրա կվերցնեմ այն քաղաքական ու աշխարհաքաղաքական պատասխանատվությունը, որպեսզի դուք չմտածեք, որ ՀՀ վարչապետը կարող է մի բան պայմանավորվել, հետո հետ կանգնել: Դրանից հետո շարունակել են ինձ անընդհատ զանգեր գալ ԱԱԾ տնօրենից, որ՝ ես Շվեյցարիայում եմ, Հայաստանում անկայուն վիճակ է, պետք է չգիտեմ ինչ անել:

Հարցրեց՝ պիտի կալանավորե՞ն: Ես ասել եմ, որ եթե քննչական ծառայությունը որոշել է, որ պետք է կալանավորվեն, ուրեմն պետք է կալանավորվեն: Եվ ԱԱԾ տնօրենը երևի մի տասը անգամ ինձ զանգել է այս թեմայով: Ասել՝ այստեղից էլ ըսենց ազդակ կա, այնտեղից էլ: Ես ունեի ընտրություն՝ ասելու, որ՝ եթե այդպես է, եկեք այդպես չանենք: Բայց իմ աշխատանքի հիմքում ընկած է սկզբունքը, եր եթե հիմնավորված է, որ պետք է կալանավորել, ուրեմն պետք է կալանավորել: Եթե ՀՔԾ պետը իր վրա վերցնում է այդպիսի պատասխանատվություն, ուրեմն պետք է թույլ տալ, որ մարդիկ աշխատեն»,- ԱԺ ամբիոնից պատմել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ դրանից հետո զանգել է ԱԱԾ տնօրենն ու ասել. «Հիմա էլ դատական համակարգն է տրիվոգա դրել: Տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր է: Նորից զանգել եմ ՀՔԾ պետին: Ասել եմ, որ ասում են ըսենց բան կա, ասում են՝ պինդ չի գործը: Ինքն ասել է՝ մենք քննչական մարմին ենք և գիտենք ինչ ենք անում, մենք հո փողոցից եկած չենք, որ էն էլ էդ մասշտաբի մարդկանց ուղարկենք կալանավորման, – ասել է Փաշինյանն ու ու հավելել, թե հոգնել է այն իրավիճակից, երբ տարբեր դատավորներ զանգում են, ուզում են իմանալ՝ ինչ կարծիքի է այս կամ այն գործի մասին: Նա անգամ  ձեռքը տանելով կոկորդին շարունակել է. «Արդեն ստեղս ա հասել, քանի անգամ եմ ուղիղ եթերով ասել՝ գործ չունեք ինձնից, գնացեք: Բայց էն դատավորը, որն ինձ զանգում ու ասում ա՝ էս գործը ջուր ա, հասկանո՞ւմ եք ինչ ա անում, ամբողջ պատասխանատվությունը փորձում ա դնի ինձ վրա: Ես էդ իրավիճակում տվել եմ ամենաչեզոք պատասխանը, ես ասել եմ՝ եթե պարզվի ջուր է, և ՀՔԾ-ն բերել է այդ ջուր գործն ուզում է կապի ձեր վրա, ուրեմն ես պիտի միջոցներ ձեռնարկեմ՝ ՀՔԾ-ին չորացնելու համար:

Եթե պարզվի, որ ձեր ասածն ա ջուր, ուրեմն պիտի միջոցներ ձեռնարկեմ էդ խաբեությունը չորացնելու համար: Ես՝ որպես վարչապետ, իրավունք ունեմ սուտ ասող մարմնին չորացնեմ»: ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ անընդհատ զանգ ու զանգ, ինչպես Փաշինյանն է պատմել,  ԱԱԾ տնօրենը միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ անընդհաը զանգել է իրեն: Ահա այս ամենից հետո միջնորդություն է եղել ՀԱՊԿ երկրների ղեկավարների անունից, որ՝ եթե հնարավոր է, Նիկոլ Փաշինյանը միջորդի, որպեսզի Խաչատուրովի խափանման միջոցը կալանքը չընտրվի: «Դա դիվանագիտական պաշտոնական միջնորդություն էր: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին և ասել որ, որ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից կա նման միջնորդություն, և եթե նրանք միջնորդել են, ես էլ կարող եմ միանալ այդ միջնորդությանը և խնդրել ձեզ, որ եթե հնարավոր է՝ այս տարբերակը քննարկենք: Դրանից հետո ԱԱԾ տնօրենին տեղյակ եմ պահել, որ նման միջնորդություն կա: Սա է եղել ամբողջ պատմությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կրկնեց, որ բոլոր դեպքերի քաղաքական պատասխանատվությունը վերցնում է իր վրա: «Այո, վարչապետը ասում է՝ եթե հիմքեր ունեք կալանավորելու, պիտի կալանավորեք, որևէ գործի քաղաքական խոչընդոտ չպետք է լինի»,- պատմել է Փաշինյանը:

Ընդհանուր առմամբ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը յուրօրինակ ինքնառերեսում էր, որտեղ կար ընդգծված ազնվություն, բայց նաև բազում նահանջներ նախապես հայտարարված թեզերից: Թերևս հեղափոխական Փաշինյանը առերեսվում է վարչապետ Փաշինյանի հետ, և այդ գործընթացը դյուրիններից չէ: Մեկ այլ բան է՝ հրապարակի ամբիոնից հայտարարել բոլորին դատելու մասին, բոլորովին այլ բան՝ Մոսկվայում մերժել ՀԱՊԿ ղեկավարների միջնորդությունը: Իրականում, սակայն, հայտնի ձայնագրության մեջ ԱԱԾ պետը նախազգուշացնում է, որ Խաչուտորվին կալանքի վերցնելը Մոսկվայում քաղաքական հետևանքներ կունենա: Փաստորեն, այս նախազգուշացումը Փաշինյանը անտեսել է, սակայն երբ ՀԱՊԿ ղեկավարներն են միջնորդել, այլ ելք չի ունեցել, քան ընդառաջել: Բայց եթե ի սկզբանե ծանրութեթև արվեր բոլոր ռիսկերը, կարելի էր ուղղակի չշտապել ու հաշվի առնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանքի վերցնելը, առանց համապատասխան համաձայնությունների, չի կարող իրականացվել: Սա հասունացման յուրօրինակ գործընթաց է, որով անցել են նաև նախկին ղեկավարները: Պարզապես նրանք, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, այդ մասին հրապարակավ չեն խոստովանել:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: