Սենսացիոն ձայնագրության հետքերով

Sep 12, 2018 Comments Off on Սենսացիոն ձայնագրության հետքերով

Սեպտեմբերի 11-ի լրահոսը պայթեցրեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի տրամաբանությունը, որի բովանդակությունն արդեն հայտնի է թերևս բոլորին, իր շարունակությունը գտավ նաեւ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին: Թեպետ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հանդես եկան պատասխան հարցազրույցով,որն ավելի շատ արդարացում էր հիշեցնում եւ հակագրոհ Մարի 1-ի գործի շրջանակներում՝ փորձելով համոզել, որ հակահեղափոխան Քոչարյան-Սարգսյան դուետը մոբիլիզացրել է ուժերը՝ կանխելու մարտյան իրադարձությունների բացահայտումը, այդուհանդերձ նոր իշխանություններից դժգոհությունը պարզվում է նաեւ կառավարության գործընկերների շրջանում է հասունացել, որը նրանք չթաքցրեցին հայտարարությունների ժամին: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը փաստեց, որ համացանցը ողողված է հայհոյանքներով, որը պետության զբաղվելու գործն է: Եթե պետությունը չի զբաղվում այդ հարցերով, եւ ավելի կարեւոր խնդիրներով է զբաղված, ապա ինքը կլծվի այդ խնդրի լուծմանը: Պատգամավորն ասաց, որ պատրաստվում է նախագիծ ներկայացնել, որը տուժ-տուգանքների կենթարկի վիրավորանք տարածող սուբյեկտներին: Նա հեգնեց, թե կառավարության բարձրաստիճան

պաշտոնյան առաջարկում է մարիխուաննայի վաճառքի օրինականացման միջոցով բյուջե լցնել, մինչդեռ սա ավելի արժանապատիվ ճանապարհ է: Հիշեցնենք, որ նման առաջարկ էր հնչեցրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանն էլ անդրադարձավ նոր իշխանության գործունեության տրամաբանությանը: <<Մեկը ռազմահայրենասիրությունը կոչում է շիզոֆրենիա, մյուսը Զոյա Թադևոսյանի բերանով նորից հրապարակ է բերում ԼՏՊ-ի առաջնահերթ մոտեցումը Արցախի հարցում, մեկը  հայտարարում է, թե Հայաստանում պետք է ձեւավորվի իրենց թիմի առաջ բերած արժեհամակարգը, իսկ թե որն է դա, կարող ենք միայն ենթադրել՝ տեսնելով աղանդավորական շարժման ակտիվությունը, մարեխուանայի օգտագործման ու համասեռամոլության նկատմամբ չափից դուրս  հանդուրժողականության պահանջները, սորոսականների գերակտիվությունը>>,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը, ում կուսակիցներն, ի դեպ, մաս են կազմում այդ կառավարությանը եւ այս հայտարարությունից հետո նրանք առնվազն պետք է վայր դնեն մանդատները: Մինչ այդ ՀՅԴ-ականը շարունակում է քննադատությունը ու պատասխան պահանջում ԱԱԾ պետից.<< Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ինչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիների մասին:Այս ամենը չի կարող չմտահոգել: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը>>:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, փաստորեն, ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում եւ ուղղորդում է վարչապետը անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց:Փաշինյանի կուսակից Ալեն Սիմոնյանը հղում անելով ձայնագրությանը նկատեց. «Դատավորների նկատմամբ ճնշում չկա: Ինչ ուզում էին ապացուցել այդ ձայնագրությունով, հակառակը ստացվեց: Նպատակը եղել է կանգնեցնել Մարտի 1-ի քննության և մնացած այլ քննություններով իրավապահների գործողությունները»:

Նա նշեց՝ անօրինությունների դեմ պայքարում իրենց կանգնեցնել չեն կարող:

Սիմոնյանը նկատեց, որ գաղտնալսողները տիրապետել են այնպիսի ռեսուրսների, որով գնել են  սարքեր և կարողացել գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը:

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: